Մատչելիության հղումներ

Չնայած թեժ քննարկումներին, ԱԺ հանձնաժողովը հաստատեց վարկային նոր համաձայնագրերը


Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:
Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր դրական եզրակացությամբ խորհրդարանի լիագումար նիստ ուղարկեց ընդհանուր առմամբ 61 միլիոն դոլարի վարկային 2 համաձայնագրերը:

Դրանցից մեկով Հայաստանը 21 միլիոն դոլար կվերցնի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից՝ պետական հատվածի արդիականացման համար:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի համար այդպես էլ մութ մնաց, թե ինչ է դա նշանակում, ինչի վրա են ծախսվելու միլիոնները և ինչու պետք է այդ ծրագրերը արտաքին պարտքի հաշվին իրագործվեն․ - «Ես կտրականապես դեմ եմ, որ մեր վարկային համաձայնագրերում հայտնվում են նման տողեր: Հատկապես ծախսային մասով՝ խորհրդատվությունների համար, ուսուցման, հանրային արշավների բարձրացման․․․ Շատ ուշադիր պետք է լինենք, որովհետև սրանք, ցավոք սրտի, դրամաշնորհներ չեն, որ կարելի է ինչ-որ առումով չտեսնելու տալ: Սա կոնկրետ վարկային հանձնառություն է, կոնկրետ հարց է»:

Համաձայնագիրը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, որ գումարներն ուղղվելու են կառավարման էլեկտրոնային համակարգի, պետության ֆինանսական վիճակի մասին միասնական տեղեկատվական համակարգի ներդրմանը:

Պատգամավոր Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ համակարգը, որի համար կառավարությունը հերթական անգամ ավելացնում է արտաքին պարտքի բեռը, արդեն իսկ պետք է ներդրված լիներ․ - «Այստեղ խնդիր պետք է լինի, որ նախկին՝ այս ոլորտում վերցրած բոլոր գումարները, որոնք պետք է թույլ տային, որ արդեն ձևավորեինք կարողությունները ինքներս անելու: Ժամանակին պետք էր ամեն ինչին հետևել, ոչ թե սպասեինք, հասնեինք էս օրվան: Վատնվել են կամ վատ են օգտագործվել»:

Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր») հետաքրքրվեց, թե արդյոք այս վարկը չի վերցվում բյուջեի ճեղքվածները փակելու նպատակով: Միրումյանն արձագանքեց․ - «Կցանկանայի հավաստիացնել, որ այս վարկային միջոցները ուղղվելու են բացառապես վարկային միջոցներով նախատեսված ուղղություններով»:

Եվս մոտ 40 միլիոն դոլարի վարկ Հայաստանը կստանա Եվրասիական տնտեսական միության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից՝ ոռոգման համակարգերն արդիականացնելու համար:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի ներկայացմամբ՝ կստեղծվի ինքնահոս ոռոգման համակարգ, կմեծացվի ոռոգվող հողերի մակերեսը:

Թևան Պողոսյանի բարձրացրած շատ հարցեր անպատասխան մնացին․ ո՞ր մարզերում է գործելու ոռոգման նոր համակարգը, ո՞ր համայնքներն են շահելու այդ ծրագրից: Պատգամավորը բերեց սահմանամերձ Բերքաբեր համայնքի օրինակը, որտեղ վարկային միջոցներով ոռոգման ցանց է կառուցվել, սակայն գյուղացիները մինչև օրս ջրի երես չեն տեսել, և ասաց․ - «Սահմանապահ այդ գյուղի ջուր չունենալը ես համարում եմ մեր ազգային խայտառակությունը»:

Նա ցավով նշեց, որ իրենց հանձնաժողովը հիմնականում զբաղված է նորանոր վարկեր հաստատելով․ - «Սա կարծես գլխավոր եկամուտն է դարձել մեր պետության․․․ Տնտեսությունը չի աշխատում, որևէ բան չի արվում, գումարները տալիս են․․․ Չեմ կարողանում հասկանալ, թե երբ է միջազգային հանրությունը հասկանալու, որ բավական է գումարներ տալ: Ամեն անգամ տալիս են, տալիս են․․․ մեզ սիրուն քաղաքական գաղափար են ներկայացնում, թե՝ եթե տալիս են, ուրեմն վստահ են, որ հետ ենք տալու: Բայց, մյուս կողմից, չեն ընկալում, որ շատ ժամանակ գումար տալիս են նրան, ում որ ուզում են կախվածության մեջ գցեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG