Մատչելիության հղումներ

Reuters-ը բացահայտում է Պուտինի մտերիմների գաղտնի գործարքները


Վլադիկմիր Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհում օլիմպիական չեմպիոն Ալենա Կաբաևային, արխիվ, Մոսկվա, 8 հունիսի, 2001թ.
Վլադիկմիր Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհում օլիմպիական չեմպիոն Ալենա Կաբաևային, արխիվ, Մոսկվա, 8 հունիսի, 2001թ.

Կրեմլի խոսնակը հրապարակումներն անվանել է «վարկաբեկող արշավ»։

Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը դեռ այս շաբաթասկզբին հայտարարել էր, թե լրատվական որոշ գործակալություններ պատրաստվում են առաջիկայում սուտ տեղեկություններ հրապարակել Ռուսաստանի նախագահի մասին:

Պեսկովն այս հրապարակումների ի հայտ գալը կապում է Ռուսաստանում 2016-ի սեպտեմբերի 18-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։ Նա ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ասել էր, որ «խոսքը ոչ թե լրագրողական հետաքննության, այլ կազմակերպված արշավի մասին է, որի նպատակն է սրել վիճակը երկրում, վարկաբեկել ղեկավարներին ու նախևառաջ նախագահին և այդ եղանակով ազդել պետության կացության և ընտրական գործընթացների վրա»։

Եվ ահա՝ երեկ Reuters լրատվական գործակալությունը ուշագրավ տեղեկատվություն է հրապարակել Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի մի քանի ներկայացուցիչների անվան հետ կապված կասկածելի գործարքների մասին։

Ըստ այդմ՝ գործարար Գրիգորի Բաևսկին թանկարժեք անշարժ գույք է փոխանցել Պուտինի կրտսեր դստերը` Եկատերինա Տիխոնովային, Ալինա Կաբաևային, ով համարվում է Պուտինի ընկերուհին և ուսանողուհի Ալիսա Խարչևային, ով 2012 թվականին նկարահանվել է Պուտինի ծննդյան օրվա առիթով հրատարակված «Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ձեզ սիրում ենք» էրոտիկ օրացույցում։

Անմիջապես նշենք մի քանի կարևոր հանգամանք. Եկատերինա Տիխոնովայի` նախագահի դուստրը լինելու վերաբերյալ պաշտոնական ապացույց երբևէ չի հրապարակվել։ Չկան արժանահավատ տեղեկություններ նաև այն մասին, որ Կաբաևան Պուտինի մտերիմ ընկերուհին է։

Transparency International-ի ռուսաստանյան բաժնի տնօրեն Անտոն Պոմինովը երեկ ասել է, որ անշարժ գույքի փոխադրման վերաբերյալ տեղեկությունները դեռ չի կարելի որակել որպես կուռուպցիայի հաստատված փաստ։

Reuters-ը նշում է, որ խոսքը թանկարժեք անշարժ գույք համարվող օբյեկտների մասին է։ Եկատերինա Տիխոնովան իր նոր ընկերությունը գրանցել է գործարար Բաևսկու նախկին բնակարանի հասցեով, որը նշել է որպես իր սեփականություն։

2013 թվականին Բաևսկին Մոսկվայի մարզի Ուսպենսկոե բնակավայրում իր տան և հողամասի սեփականության իրավունքը փոխանցել է Ալինա Կաբաևայի 81-ամյա տատիկին` Աննա Զացեպինային, իսկ 2009 թվականին մի բնակարան է փոխանցել Ալինա Կաբաևայի քրոջը` Լայսան Կաբաևային։ Բացի այդ, նա մոսկովյան թանկարժեք համալիրում կառուցված մի բնակարան էլ փոխանցել է Ալիսա Խարչևային։ Բոլոր թվարկված գործարքներում անշարժ գույքի գինը չի նշվում։

Գրիգորի Բաևսկին Պուտինի հին ընկեր, մեծահարուստ գործարար Արկադի Ռոտենբերգի օգնականն է։ Պաշտոնական տվյալների համաձայն, Բաևսկուն պատկանող ընկերություններն անցած երկու տարում շինաշխատանքների դիմաց վաստակել են առնվազն 6 միլիարդ ռուբլի, ինչը կազմում է շուրջ 90 միլիոն դոլար։

Պուտինի և Բաևսկու կապը բացահայտել է լրագրող Ռոման Անինը, ով հետաքննությունն իրականացրել է Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հանգամանքները հետազոտող կենտրոնի (Organised Crime and Corruption Reporting Project) ծրագրի շրջանակներում։

Պուտինի խոսնակ Պեսկովը երեկ ասել է, որ Կրեմլը չի քննելու Բաևսկու կողմից այդ կանանց անշարժ գույք փոխանցելու մասին նյութերը։ Դրանք, ըստ պաշտոնական շրջանակների, վարկաբեկող բնույթ կրող տեղեկատվական արշավի շարքից են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG