Մատչելիության հղումներ

ՀԹԳՄ-ն նշում է հիմնադրման 75-ամյակը


Անկախության տարիներից ի վեր խոսվում է, թե ստեղծագործական միությունները խորհրդային տարիներից մնացած կառույցներն են: Բայց ահա անկախությունից 25 տարի է անցել, բայց ստեղծագործական միությունները շարունակում են իրենց գործունեությունը:

Հայաստանի թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ) հիմնադրվել է մեր անվանի արտիստներից մեկի՝ Գուրգեն Ջանիբեկյանի կողմից: Նա միությունը ղեկավարել է 9 տարի: Նրան հաջորդել են մեր լավագույն թատերական գործիչները՝ Տիգրան Շամիրխանյանը, Վավիկ Վարդանյանը, Վաղարշ Վաղարշյանը, Հրաչյա Ղափլանյանը, Խորեն Աբրահամյանը, Երվանդ Ղազանչյանը: Այժմ ՀԹԳՄ-ն ղեկավարում է Հակոբ Ղազանչյանը:

«Ազատության» հետ զրույցում Հակոբ Ղազանչյանը նշեց, որ հոբելյանական տարվա ընթացքում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ բոլոր թատրոնների մասնակցությամբ, կհրատարակվի միության ստեղծագործական ողջ ուղին ներկայացնող գիրք, որի հեղինակն է թատերագետ Հայկազ Երանոսյանը:

Ղազանչյանի փոխանցմամբ՝ գրքի տպագրությունը հովանավորել է ՀՀ վարչապետը․ - «Շատ լավ գիրք կլինի, և բավականին լուրջ արխիվային նյութ կլինի: Ժամանակին ողջ թատերական հոսանքը կապվում էր Հայաստանի թատերական ընկերության հետ, որը հսկայական ծառայություններ ունի, հսկայական աշխատանքներ է տարել: Շատ հաճախ ես ինձ վատ եմ զգում, երբ առանց իմանալու ասում են՝ դա սովետական երկրի․․․ այո, դա չենք ժխտում, բայց այդ պատերի ներսում այնպիսի աշխատանք էր գնում, այնպիսի հսկայածաված աշխատանք էր իրականացվում, այնպիսի հզոր մարդիկ էին քննարկում ներկայացումներ, վիճում, հոդվածներ քննարկում»:

Նրա խոսքով, մեր լավագույն դերասաններն ու ռեժիսորները արվեստագետ էին բառի բուն իմաստով, և ուրեմն՝ ազատ և ընդվզուն հոգիներ ունեին և բնավ չէին կաշկանդվում ժամանակի գաղափարախոսական բռնաճնշումներից․ - «Շատ ազատ մարդիկ են եղել: Այնպես չէ, որ կուսակցության ծրագրային աշխատանքի համար ձեռք են բարձրացրել: Իրենց հստակ դիրքորոշումն ունեցող մարդիկ են եղել, անվախ մարդիկ են եղել»:

Ինչ վերաբերում է ստեղծագործական միությունների ներկայիս աշխատանքին, ապա Հակոբ Ղազանչյանն այստեղ կարևորում է այդ միությունների մասին օրենքի անհրաժեշտությունը․ - «Ես համոզված եմ, որ պետությունը կընդունի «Ստեղծագործական միությունների մասին» օրենքը, որովհետև այդտեղ վատ բան չկա: Պետք չէ միություններին վախվորած նայել, հավասարեցնել բոլոր հասարակական կազմակերպություններին․․․ Հարկավոր է հազար հոգանոց, պատմություն ունեցող, ֆունդամենտալ կազմակերպությունները առանձնացնել: Եթե վատ են աշխատում, թող փոխեն, թող ընտրեն լավ աշխատողի: Բայց չի կարելի մեկ կամ երկու անձի պատճառով կարծիք կազմել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG