«Եթե համակարգը մսխում է, Պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով նաև իր գնումների խոշորածավալ գնումների բնույթը․․․ մեր ուսումնասիրությունը չի վկայում, որ ինքը էականորեն տարբերվում է մեր գնահատականից: Այսինքն՝ մսխումը երևում է ևս ՊՆ-ի գնումներում: Իսկ մսխումը չափվում է անարդյունավետությամբ, կոռուպցիոն ռիսկերով և այլն, և այլն», - նշեց կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը:
Զեկույցի համաձայն, նախարարությունը ուսումնասիրված ժամանակաշրջանում «ռիսկային գնումներ» է կատարել: Առանց մրցույթի նույն ընկերությունից և՛ շինարարական ծառայություններ է ստացել, և՛ գույք գնել, ինչը, ըստ ԹԻ-ի փորձագետների, կասկածահարույց է:
«105 միլիոն դրամի գումարի ոչ-մրցակցային հիմունքներով շինարարության պայմանագիր է կնքվում, եթե չեմ սխալվում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շինարարության մասով «Երևանի տնաշինական կոմբիտան» ՓԲԸ-ի հետ․․․ Ինչո՞ւ մեկ անձ: Լավ, ենթադրենք դրա հիմնավորումը ինչ-որ առումով կարելի է գտնել: Բայց, երբ նայում ենք նախահաշիվը, շուրջ 46 միլիոն դրամի գույքի մատակարարում է ներկայացված՝ սեղան, աթոռ, բազմոց, ծաղկաման, սեյֆ․․․ Մեր կարծիքով, օրինակ, ոչինչ չէր խանգարում երկու փուլով մրցույթ անել, ինչը նաև հնարավորություն կընձեռներ, որ 46 միլիոն դրամ չլիներ, այլ շատ ավելի էժան»:
Փորձագետն առանձնացրեց մեկ անձից կատարված [առանց մրցույթի] գնումները՝ նշելով, որ 2013-ի համեմատ, 2014-ին դրանք ավելացել են չորս անգամ:
Պաշտպանության նախարարությունը նաև թանկարժեք ճաշկերույթներ է կազմակերպել, և այդ ծառայությունը մատուցել է նախարարության ստեղծած կազմակերպությունը:
Փորձագետները նաև նշում են, որ նախարարությունը հաճախ գաղտնի է համարում և չի հրապարակում մթերքի, ավտոմեքենաների գնման մասին տեղեկությունները:
«Մեքենայի ձեռք բերումը ինչո՞ւ պիտի փակ լինի, ի՞նչն է այդտեղ գաղտնի ինֆորմացիա․․․ Լրացուցիչ մտայնություններ են առաջանում, որ մի փոքր հստակ տարանջատված չի գաղտնին և ոչ գաղտնին: Վերջիվերջո ի՞նչն է խանգարում, որ ագրեգացված ձևով մի թիվ նշվի՝ որ իքս սուբյեկտի հետ մենք կնքել ենք այսքան տոննայի այսքան հացահատիկի ձեռք բերում: Այստեղ որևէ գաղտնի տեղեկատվություն չկա», - ասաց Արտակ Մանուկյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Պաշտպանության նախարարությունը չի գաղտնազերծում նաև Ջողազի ջրամբարից տարիներ առաջ անհետացած պոմպերի վերաբերյալ տեղեկատվությունը․ - «Շատ զավեշտալի պատասխան էր․ որ անհաղթահարելի ուժի առկայության պայմաններում չենք կարող պատասխանել: Փորձում են ամեն ինչ գաղտնի ինֆորմացիայի տակ պահել: Իհարկե, մենք չենք ցանկանում որոշակի տեղեկատվություններ, որոնք իրապես գաղտնի պետք է մնան հասարակությունից: Փորձ էլ չի արվում գոնե այն ոչ գաղտնի մասը գաղտնազերծել և ներկայացնել հանրությանը, թեկուզև գաղտնի մասը, բայց ավելի խոշորացված թվերով ներկայացնվի հասարակությանը»:
Պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց ոլորտում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը․ - «Այս կարգի գործընթացներում տեսականորեն անգամ ընդունվում է, որ կոռուպցիոն ռիսկեր առկա կարող են լինել: Խնդիրը, նաև այս ուսումնասիրության, նրանում է, որպեսզի համատեղ, նաև հասարակական դաշտում կատարվող ուսումնասիրությունների և Պաշտպանության նախարարության ջանքերի միջոցով հնարավորինս նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, բացառվի անբարեխղճությունը»:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ Սեյրան Օհանյանն արդեն հանձնարարականներ է տվել ԹԻ-ի զեկույցում տեղ գտած խնդիրների լուծման ուղղությամբ:
Հովհաննիսյանը նաև ասաց, որ Պաշտպանության նախարարության դիրքորոշումը կներկայացվի ավելի ուշ՝ զեկույցը հանգամանորեն ուսումնասիրելուց հետո: