Վրաստանը կարող է դառնալ այն հարթակը, որի միջոցով եվրոպական ներդրումները մուտք կգործեն Հարավային Կովկաս: CNN հեռուստաընկերությանը տված հարցազույցում նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Կարծում եմ, որ եվրոպացի ներդրողների համար բավական հետաքրքրական կլինի մի այնպիսի երկրի հետ գործ ունենալ, որի միջոցով հնարավոր է աշխատել տարածաշրջանի մյուս պետությունների հետ ևս: Սա մի գաղափար է, որին Վրաստանը պետք է շատ մանրակրկիտ կերպով պատրաստվի՝ նախևառաջ գործող ենթակառուցվածքների առումով: Երկրում ժամանակակից ենթակառուցվածքներ ստեղծելու հարցը մեր [կառավարության] կողմից իրականացվող բարեփոխումների առաջնահերթություններից մեկն է», - հայտարարել է Կվիրիկաշվիլին` ամերիկյան հեռուստաընկերության լրագրողների հետ զրույցում` միաժամանական համոզմունք հայտնելով, որ Վրաստանի տարածքում առկա սառեցված հակամարտությունները արևմտյան ներդումների հոսքին խոչընդոտել չեն կարող:
«Չնայած օկուպացված տարածքներում առկա մի շարք լուրջ մարդասիրական խնդիրներին, ես չեմ կարող պնդել, թե Վրաստանը ներդրումների համար ռիսկային պետություն է: Եվ սա մեր մեծագույն ձեռքբերումն է»,- ասել է Վրաստանի վարչապետը:
CNN-ի լրագրողների հետ զրույցում Գիորգի Կվիրիկաշվիլիին նաև պնդում էր, թե Վրաստանի անդամակցությունը NATO-ին և հարաբերությունների սերտացումը Եվրամիության հետ նույնպես կնպաստեն երկրում ներդրումային բարենպաստ մթնոլորտի ամրապնդմանը:
«Մենք չենք ցանկանում, որպեսզի NATO-ն կամ Եվրոպան որևէ մեկի դեմ հանդես գան: Չնայած Վրաստանի տարածքի 25 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից, միևնույն է մենք պետք է առկա հակամարտությունը կառուցողական կերպով հանգուցալուծելու պատրաստակամություն ցուցաբերենք: Դրա հետ մեկտեղ խոսքը Վրաստանի տարածքային ամբողջականության կամ ինքնիշխանության հաշվին արվող փոխզիջումների մասին չէ: Ինքնիշխանություն ասելով նկատի ունեմ նաև Վրաստանի իրավունքը` որպես ինքնիշխան պետություն որոշում կայացնել եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին միանալու մասին», - CNN-ին տված հարցազույցում նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը: