Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների բողոքը։
Բաղրամյան 26-ի դիմաց ամիսներ շարունակ բողոքի ցույց անող մայրերը դատարան էին դիմել` պահանջելով վերացնել Հատուկ քննչական ծառայության որոշումն, ըստ որի, նախորդ տարվա մայիսին իրավապահները իրենց նկատմամբ համաչափ ուժ էին կիրառել։
Մայիսի 13-ին իրենց որդիների գործերը վերաբացելու պահանջով նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց անցկացնող ծնողներին ոստիկանները ուժով դիմացի մայթ էին տեղափոխել։
«Դատարանը հիմնվել էր վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացրած որոշման բացատրությունների ու պատճառահետևանքային կապի վրա, այն հիմնավորումներն էլ որ մենք էինք ներկայացրել, ըստ էության, անտեսվել էին։ Իրենց պնդմամբ, մայրերը խանգարել են նախագահի նստավայրի աշխատանքային բնականոն գործունեությանը, և ոստիկանների պարտականությունն է եղել, նրանց այդտեղից հեռացնել, իսկ քանի որ ծնողները չեն ենթարկվել, ոստիկանները ստիպված են եղել ֆիզիկական ուժ կիրառել», - «Ազատության» հետ զրույցում ասաց դիմող կողմի փաստաբան Հայկուհի Հարությունյանը։
Փաստաբանի խոսքով, իրենք պատրաստվում են նաև Վճռաբեկ դատարան դիմել, և եթե այստեղից էլ նույն բովանդակությամբ պատասխան ստանան, վճիռը կբողոքարկեն Եվրոպական դատարանում։
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորի մայր Նանա Մուրադյանի խոսքով՝ դատարանները կողմնակալ մոտեցում են ցուցաբերում։
«Մենք գիտենք մեր դատական համակարգը ոնց է աշխատում. եթե վերևից հանձնարարված է սենց, ուրեմն սենց էլ պիտի լինի։ Նախօրոք գրած պատրաստ էր, թե դատավորն ինչ պիտի ասեր, ինքը գնաց խորհրդակցական սենյակ, գոնե կես ժամ պիտի անցներ, որ գրեր էդ ամեն ինչը, հինգ րոպե չանցած եկավ որոշում կարդաց, որ առաջին ատյանի վճիռը թողնում է անփոփոխ։ Դատավորին ես ասացի, միակ պահանջն այն է, որ մեզ քարշ տված ոստիկաններն իրենց պատիժը ստանան։ Մենք տենց էլ արդեն վշտի մեջ մարդիկ ենք, հիմա էլ պետության կողմից ենք հարված ստանում»,- ասաց նա։