Մատչելիության հղումներ

Դատավորին վիրավորելու համար Գասպարին տուգանվեց 450,000 դրամով


Դատավորին «անինքնասեր» և «իշխանության հանցագործությունները» թաքցնող գործակալ անվանելու համար Վարդգես Գասպարին այսօր տուգանվեց 450,000 դրամով:

Շենգավիթի դատարանն ակտիվիստին ամբողջությամբ մեղավոր ճանաչեց առաջադրված հոդվածով:

Ի նշան բողոքի Գասպարին և նրա երեք պաշտպանները չէին ներկայացել դատավճռի հրապարակմանը: «Ազատության» այցելության ընթացքում ակտիվիստն իր արհեստանոցում էր, ինչպես ինքն ասաց՝ շատ ավելի կարևոր գործի վրա:

«Գայի լսեի ի՞նչ պիտի անեի: Ամենաթողություն ա, ինչ ուզում են՝ անում են, մնում ա էնտեղ, որ ընդամենը մենք լինենք ավելի շատ խոնարհ ու հեզ կամ նվազ խոնարհ ու հեզ, այդքան բան», - պարզաբանեց Գասպարին:

Ակտիվիստի փաստաբանները բողոքարկելու են վճիռը, պնդում են՝ երկու տարի շարունակվող դատավարությունն ընթացավ կոպիտ խախտումներով, դատարանը ապացույցների հետազոտման փուլն ավարտեց մոտ 10 րոպեում՝ առանց պաշտպանական կողմի, թեև ավելի վաղ Գասպարիի ներկայությունն ապահովելու համար նրան 7 օրով կալանավորել էր: Դատաքննության ավարտին էլ նիստը նախագահող դատավորը ընդհատել էր պաշտպանական կողմի ճառը՝ Գասպարիին զրկելով վերջին խոսքի իրավունքից:

«Դատավորին ասել եմ՝ բոլոր իմ ասածները նորից կրկնում եմ, պնդում եմ, չեմ հրաժարվում: Դա ուղիղ դիրքորոշում է առ այն, որ եթե քաղաքացին բարձրաձայնի Մարտի 1-ի սպանությունների մասին, նա կպատժվի», - ասում է Գասպարին:

Դատավոր Նելլի Բաղդասարյանն այսօր նույնիսկ դատախազի պահանջվածից ավելի խիստ պատիժ նշանակեց․ դատախազը միջնորդել էր 400,000 դրամով տուգանել Գասպարիին:

Նիստերի ընթացքին հետևող իրավապաշտպան Միքայել Դանիելյանի համար մեղադրական վճիռը սպասելի էր:

«Մտնենք ցանկացած դատարան՝ մենք կտեսնենք նույն բաները: Պարզապես Գասպարին կարողանում է իրեն պաշտպանել էլի շատ լավ, և դա մեր դատարաններին հանում է հունից: Սրանք սովոր չեն այդ ձևի վերաբերմունքին, բայց շատ ճիշտ վերաբերմունք ա», - ասաց Դանիելյանը:

Անօրինականությունների դեմ բողոքի իր յուրահատուկ եղանակով՝ գետնին պառկելով հայտնի Վարդգես Գասպարին ասում է՝ դրամական պատիժն իրեն չի լռեցնի, Վերաքննիչ դատարանից բացի վճիռը նաև այլ կերպ է ցանկանում բողոքարկել․ - «Եթե համարձակությունս ների, կվազեմ Սերժ Սարգսյանի մեքենայի վրա ու կփորձեմ բռունցքներով հարվածել: Ու կփորձեմ ցույց տալ, որ ես չեմ ենթարկվում իրա կամայականությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG