Արամ Ղազարյանը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ֆերմերներից է։ Անասնապահն արդեն 15 հազար դոլարի պարտք է կուտակել ու սնանկացման եզրին է։ «Վարկը վերցնում ենք 23-24 տոկոսով, բայց մեր եկամուտն անասնապահության մեջ կազմում ա տարեկան մինուս 10 տոկոս»,- ասում է ֆերմերն ու հավելում՝ «կաթի ու մսի գինն ամեն օր ընկնում է, վարկերն էլ ավելանում են»։
Մարզի բնակիչներն ասում են՝ գյուղատնտեսության նախարարությունից եկել ու խոստացել էին, որ հարցը կկարգավորվի, սակայն կաթի գինն այդպես էլ չի բարձրացել: «Կաթի գինը 160 դրամ էր, իջացրեցին մեկից 80 դրամ, նույն րոպեին, մեկ օրվա ընթացքում ամբողջ գյուղատնտեսությունը շուռ տվեցին։ Նախարարությունից եկան, թե քայլեր ենք ձեռնարկում: Սուտ՝ ոչ մի բան էլ չարեցին»,- բողոքում են գյուղացիները։
Արամ Ղազարյանն էլ շարունակում է՝ «Կաթի զավոդի դիրեկտորը չի կարողանում էդ հարցը լուծի ինքնուրույն։ Այսինքն՝ պետությունը համ դրան ա սեղմել, համ էլ մեզ ա սեղմել, կաթի փոշին էլ դրսից բերում են, տալիս են զավոդներին ստիպողաբար, էլ որտեղի՞ց կաթի զավոդը գա մեզնից թանկ կաթ ընդունի։ Կաթը տանում ես, մի բան էլ ձեռ են առնում, ասում են՝ կուզես բեր, կուզես մի բեր»։
ֆերմերը հաշվարկել է՝ յուրաքանչյուր կենդանու խնամքի վրա տարեկան 200.000 դրամ է ծախսում: Բողոքում է, որ անասնապահության ոլորտը պետության կողմից անուշադրության է մատնվել: «Եվրոպական պետություններում ասում են անասունը քաշ տվեց: Իհարկե պիտի տա, որովհետև խտացրած կերը տալիս են, աջակցում է պետությունը, ձեռք է բռնում: Մերը ո՞րն ա, էս սալոմն ենք կերցնում անասունին, էս ունինք ընդամենը, մեկ էլ դաշտի փչացած խոտը, որ չենք կարողանում փախցնենք, բերենք»։
Արամ Ղազարյանի խոսքով, իր 100 ընտանի կենդանիներից այսօր միայն 10-ն են մնացել։ Նաև չի կարողանում միսն իրացնել։ «Կաթը զտեցին լցրեցին, խոզ առան բերին պահեցին, 3300 մթերատվության գինն էր, դարձրեցին 1300-1400 դրամ: Էսօր մի հատ էլ ըտեղ ժողովրդին քաշեցին։ Ես ունեցել եմ գլխեգլուխ կախած, ծերից ծեր կապած, էսօր թողել եմ 10 հատ կով, էդ էլ եմ ռադ անելու, էլ իմաստը ո՞րն ա: Այսինքն ամբողջ ընտանիքով մեջը չարչարվում եմ, իմ երեխեքը բարձրագույն սովորում են, բերում եմ մտցնում եմ գոմի մեջ, բայց եկամուտ չկա»,- պատմում է Արամ Ղազարյանը։
Շուրջ 2000 բնակիչ ունեցող Ծաղկահովիտում գրեթե բոլորն անասնապահությամբ են զբաղվում, քանի որ ապրուստի այլ միջոց չունեն: Սակայն, արոտավայրերի և ոռոգման խնդիրներ ունեն։ Գյուղացիներն ասում են, թե ամբողջ տարի ձյան ու անձրևի հույսին են։ «Ընդամենը մի ժամ ջուր ա գալիս, Ծաղկահովիտում ջուր չկա: Որ մի բաժակ ջուր ուզեք, չենք կարա տանք, կռիշներից ջուրը հավաքում ենք, որ անասունին ջրենք, կռանթը ստեղ ա, գուռս դատարկ»:
Ծաղկահովիտում, ինչպես և Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում, շատերն են հարկադրված արտագնա աշխատանքի ճամփան բռնել: Արամ Ղազարյանի եղբայրներն արդեն մի քանի տարի է՝ լքել են հայրենի գյուղը։ Ինքը, սակայն, Ծաղկահովիտից հեռանալ չի ցանկանում։ «10 երեխա ենք մենք, մեր տասը երեխից մնացել ենք երկու ախպեր գյուղում։ Ութը դուրսն են, ութն էլ ընտանիքներով գնացել են։ Գյուղի 60 տոկոսն է գնացել։ Ես չեմ ուզում դուրս գամ, ուզում եմ իմ ազատությունը, կյանքի մնացած օրերն ու տարիները անցկացնեմ իմ հայրենիքում։ Արել ենք, դրել ենք մեր երկրի համար, բա մի քիչ էլ մեզ նայեն։ Սաղս թողանք երթանք, ո՞վ պիտի անի»,- ասում է ծաղկահովիտցի ֆերմերը։