«Ինչպես ընդունված է մի շարք եվրոպական երկրներում, առաջադեմ քաղաքական կուսակցությունները ունեն քաղաքական դպրոց, և Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշել է հիմնել քաղաքական դպրոց, որը կկրի երջանկահիշատակ վարչապետ, մեր կուսակցության նախկին առաջնորդ, մեր սիրելի Անդրանիկ Մարգարյանի անունը», - հայտարարեց ՀՀԿ-ի խոսնակ Էդվարդ Շարմազանովը:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով խորհրդային տարիներին «հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի» մեղադրանքով 8 տարի անցկացրել է բանտում, կարծում է, որ իշխող կուսակցությունը փորձում է վերականգնել Կոմկուսի բարձրագույն դպրոցները, որոնք ավելի հայտնի էին ВПШ (Высшая партийная школа) հապավմամբ: Սրանք կարևորագույն օղակ էին կուսակցական ֆունկցիոներների համար ավելի բարձր պաշտոնների հասնելու ճանապարհին․ - «Նրանք այդ մահացած ծրագիրն են փորձում վերականգնել: Եվ բավականին զավեշտալի է ստացվում, որ Անդրանիկ Մարգարյանի անունով է, ով խորհրդային տարիներին հենց այդ высшая партийная школа-ների դեմ էր պայքարում»:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով, սակայն, նման գնահատականը կողմնակալ է: Աշոտյանն նույնպես նշեց, որ այդպիսի դպրոցներ ունեն եվրոպական առաջադեմ երկրների կուսակցությունները, որ այդ փորձը կա Գերմանիայում, Ավստրիայում, և անգամ Միացյալ Նահանգներում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններն ունեն իրենց կրթական կենտրոնները․ - «Նման զուգահեռներ [ВПШ-ների հետ] կարելի է անցկացնել բացառապես վառ երևակայություն կամ ակնհայտ կողմնապահություն ունենալու պարագայում դեպի Հանրապետականը, ինչը մեր քննադատները պարբերաբար փորձում են դրսևորել»:
Հարցին, թե արդյո՞ք հանրության շրջանում չի առաջանա մտավախություն, թե վերականգնվում է խորհրդային կուսդպրոցների ավանդույթը, Աշոտյանը հակադարձեց․ - «Դուք շատ վատ կարծիքի եք մեր հանրության մասին, եթե կարծում եք, որ մեր հանրության մոտ պետք է մտավախություն առաջանա մի նախագծի [շուրջ], որի նպատակը կրթելն է»:
Վարդան Հարությունյանը, մինչդեռ, վստահ է, որ ՀՀԿ-ն հետևելու է ոչ թե եվրոպական կուսակցություններին, այլ փորձելու է վերականգնել հին սովետական կուսակցական դպրոցները, քանի որ այսօր Հանրապետականում շատ են խորհրդային մտածողությամբ և խորհրդային անցյալը գնահատող գործիչները:
Միևնույն ժամանակ, իրավապաշտպանը անիմաստ է համարում Հանրապետականի կողմից կուսակցական դպրոց ստեղծելու գաղափարը, քանի որ արդեն այսօր բոլոր օղակները «հանրապետականացված են»․ - «Սկսած ժեկ-երից, վերջացրած իշխանության ամենավերին օղակներով և իշխանության կից օղակներով՝ բոլորը հանրապետականացված են: Բոլոր երիտասարդները, ովքեր հետապնդում են կարիերիստական նպատակներ, ցանկություն ունեն լինել իշխանությունում, նրանք բոլորը գիտեն, որ պետք է դառնան Հանրապետական: Այսինքն, այն իրավիճակը, որ էր կոմունիստական կուսակցության օրոք Խորհրդային Հայաստանում, այդ վիճակն է այսօր մեր երկրում՝ անկախ Հայաստանում: Դա է նաև պատճառներից մեկը, որ ես ասում եմ, որ նրանց մոտ այդ գաղափարը ծնվել է ոչ թե ամերիկացիներին նմանակելու համար, այլ անցյալը վերականգնելու համար: Որովհետև նրանք ըստ էության վերականգնել են այդ անցյալը․ ամբողջն է կուսակցականացված՝ դպրոցներից սկսած, մանկապարտեզներից սկսած, վերջացրած բուհերով, վերջացրած գործադիր մարմիններով: Չի կարող լինել որևէ մեկը նշանակալի դեր ունեցող որևէ օղակում, որը չի լինի Հանրապետական կուսակցությունից»:
Հարությունյանի կածիքով, բոլոր բուհերը Հանրապետական կուսակցության դպրոցներն են․ - «Ուսխորհուրդների նախագահներից սկսած, վերջացրած ակտիվ ուսանողներով․ բոլորը այդ դպրոցներն են անցնում: Էլ ի՞նչ իմաստ ունի նոր դպրոց հիմնել, ես չեմ հասկանում»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ընդգծմամբ՝ իշխող քաղաքական ուժը, որպես ավտորիտար կուսակցություն, մեծ երազանք ունի վերականգնել «Կա-Պե-Էս-Էս-ի բոլոր ավանդույթները, և հետևողական քայլեր է անում այդ ուղղությամբ․ այդ շրջանակում են դպրոցների տնօրենների, բուհերի ռեկտորների պաշտոններում ՀՀԿ-ականների նշանակումը․ - «Հիմա էլ եկել է այդ շղթայում նոր սխրանք գործելու պահը՝ ВПШ-ների վերականգնումը»:Իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը ողջունում է Հանրապետականի այս քայլը: «Լավ է ուշ, քան երբեք», - ասաց նա՝ հպարտությամբ ցույց տալով Բարձրագույն կուսակցական դպրոցի իր դիպլոմը, որի շնորհիվ պաշտոնի բարձրացում է ունեցել․ նախ ընտրվել է շրջկոմի, հետո՝ քաղկոմի առաջին քարտուղար, ապա՝ Կենտկոմի բյուրոյի անդամ:
Ողջունելով հանդերձ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի ստեղծումը, Տաճատ Սարգսյանը ասաց, թե սխալ է, որ ամբողջ Հայաստանը հանրապետականացվի․ - «Ես դա գտնում եմ ոչ տեղին և սխալ՝ թեկուզև Կոմունիստական կուսակցության օրինակի վրա»: