Մատչելիության հղումներ

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքի քննությունն ավարտվեց


Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում այսօր ավարտվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դեմ շուրջ 20 տարի պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի ներկայացրած բողոքի քննությունը:

Բանակում 5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով մահապատժի, իսկ ավելի ուշ ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանը բողոքարկում է կալանավայրում հեռախոս ունենալու համար 5 տարի առաջ նշանակված վարչական երկու տույժերը, ինչի պատճառով այժմ քրեակատարողական հիմնարկը չի քննարկում վաղաժամկետ ազատ արձակման դիմումը:

18 տարեկանում դատապարտված Մկրտչյանի պնդմամբ՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տույժերի հետևանքներն իրեն չեն բացատրել ասելով, որ հեռախոսի ինքնակամ հանձնելու դեպքում ինքը պատասխանատվության չի ենթարկվի: Նուբարաշեն ՔԿՀ-ի ներկայացուցչին ցույց տալով իր կոտրած մատները՝ դատապարտյալն ասաց․ - «Երբ ես մտել եմ հիմնարկ՝ սենց են ինձ իմ իրավունքները բացատրել: Դատապարտյալները, որպես տույժ ընկալում են միայն պատժախուցը, ես նոր եմ իմացել, որ հեռախոս պահելու տույժը նման հետևանք կարող է ունենալ»:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչը, արձագանքելով դատապարտյալի պնդմանը, ասաց, որ որևէ մեկն իրավունք չուներ ասել, թե դատապարտյալը տույժի չի ենթարկվի, քանի որ նկատողություն տալու իրավունք ունի միայն քրեակատարողական հիմնարկի պետը:

Դատախազությանն ներկայացուցիչն էլ պնդեց, որ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները մեղք չունեն, քանի որ դատապարտյալին ներկայացվել է տույժի որոշումը, և նա դրանից կարող էր հասկանալ հետևանքները:

Ցմահ դատապարտյալի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը հայտարարեց, որ փաստորեն կալանավայրի աշխատակիցն անօրինական ճանապարհով է հայտնաբերել չթույլատրվող իրը, հետևաբար տույժի որոշումն էլ անօրինական է:

«Եթե նույնիսկ իրը կա ու պատիժը համաչափ է եղել, բայց գործընթացն օրենքի խախտումով է եղել, ապա արդյունքը օրինական լինել չի կարող», - նշեց փաստաբանը:

Դատարանի որոշումը բողոքի վերաբերյալ կհրապարակվի մարտի 30-ին:

Ցմահ բանտարկյալ Արթուր Մկրտչյանը 20 տարի առաջ նախաքննության ժամանակ տվել էր ինքնախոստովանական ցուցմունքներ, ապա դատավարությունից սկսած՝ պնդել, որ անմեղ է և իրեն խոշտանգելով են ստիպել մեղքն ընդունել: Ըստ Մկրտչյանի, իր 5 համածառայակիցներին սպանել են 3 անծանոթներ, որոնք դիրքեր էին եկել զենք գնելու նպատակով:

Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, երկու տարի առաջ «Հետքին» տված հարցազրույցում խոսելով Մկրտչյանի գործից, հաստատել էր, որ դեպքի վայրում այլ անձինք են եղել՝ հավելելով․ - «Չեմ բացառում, որ միգուցե երկուսին սպանել են ուրիշները: Բայց այն, որ Արթուրը մեղավոր է երեք զինվորների սպանության մեջ, ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում»:

Ջհանգիրյանի հայտարարության հիման վրա Մկրտչյանը դիմել էր դատախազություն՝ նոր ի հայտ եկած հանգամանքով գործը վերաբացելու համար, սակայն դիմումը մերժվել էր:

Ցմահ դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ռևազյանի պնդմամբ՝ մինչև մարտի 15-ը արդեն 16 ցմահ դատապարտյալ անձ հատել է 20 տարի ազատազրկում կրելու շեմը և նրանցից 13-ը վաղաժամկետ ազատման դիմում են ներկայացրել, սակայն որևէ մեկը ազատ չի արձակվել:

«Սա փաստ է, որ վաղաժամկետ ազատման համակարգը մեզ մոտ չի գործում, իսկ Եվրադատարանն ունի մեկնաբանություն, որ եթե ցմահ դատապարտյալը որևէ կերպ ազատման հույս չունի, ապա դա անմարդկային վերաբերմունք է», - հայտարարեց փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG