Հայկական կողմի առաջարկով Երևանում է ԱՄՆ Արտոնությունների ընդհանրացված համակարգի` GSP ծրագրի տնօրեն Էյմի Լարսենը, ով տեղում հայ գործարարների հետ կքննարկի հայաստանյան արտադրանքը արտոնյալ պայմաններով ամերիկյան շուկա տանելու հնարավորությունները:
«Զարգացող երկրների, այդ թվում Հայաստանի համար նախատեսված այս ծրագրից օգտվելով՝ հայ գործարարները կարող են առանց տուրքերի 3500 ապրանքատեսակ արտահանել Նահանգներ: Արտոնյալ այս պայմաններով ԱՄՆ-ը կարող է նոր շուկա դառնալ հայաստանյան մի շարք ապրանքների, օրինակ՝ ձկնկիթի համար, և ես հույս ունեմ, որ մեր հանդիպումից հետո հայ գործարարները կկիրառեն այս գործիքը՝ ընդլայնելով առևտուրը Միացյալ Նահանգների հետ», - ասաց Էյմի Լարսենը:
Միայն անցած տարի Հայաստանից Միացյալ Նահանգներ է արտահանվել շուրջ 63 միլիոն դոլարի ապրանք, ընդ որում, հայ գործարարների գերակշիռ մասը օգտվել է արտոնությունների համակարգից՝ տնտեսելով գումարներ ու առավել մրցունակ դարձնելով իր արտադրանքը:
Մասնավորապես, Հայաստանը առանց տուրքերի Նահանգներ է տանում ալյումինի փայլաթիթեղ, մետաղյա զարդեր, հյութեր ու հանքային ջրեր:
«Այս ցանկը կարող է շատ ավելի ընդլայնվել՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու խթանելով տնտեսության աճը», - պնդում է Լարսենը: - «Հայաստանը արտահանելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, պետք է ուղղակի բարձրացնել գործարարների իրազեկվածությունը: Ես այստեղ եմ՝ օգնելու այդ հարցում, և կարծում եմ, հաջողության բազմաթիվ պատմություններ դեռ առջևում են»:
Փորձագետները փաստում են, որ օգտվելով արտոնությունների այս համակարգից, մի շարք երկրներ՝ ներառյալ Հոնկոնգը, Սինգապուրը, Հարավային Կորեան, լուրջ թափ են հաղորդել տնտեսության զարգացմանը՝ միաժամանակ սերտացնելով հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:
«Նույնը կարող է անել նաև Հայաստանը», - ասաց փոխդեսպան Փրայսը՝ ընդգծելով, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը որևէ կերպ չի խոչընդոտի Վաշինգտոնի հետ առևտրային կապերի ընդլայնմանը:
«Մենք իսկապես ոչ միայն խոսում, այլև գործում ենք: Սա ևս մեկ քայլ է՝ վերահաստատելու մեր աջակցությունը Հայաստանի հետ առևտրի ընդլայնմանը: Մենք խոսում ենք ոչ միայն Միացյալ Նահանգներից Հայաստան ներկրումների մասին, այլև աջակցում ենք հայկական ապրանքների արտահանմանը ԱՄՆ», - նշեց Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպանը: