Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջատարներ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը, ինչպես նաև դարպասապահ Գևորգ Կասպարովը հավաքականի կազմում այլևս չեն խաղա։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անձամբ է արգելել նրանց հավաքական հրավիրել։
«Ֆուտբոլ+»-ին տված հարցազրույցում Հայրապետյանը հայտարարել է՝ չնայած բարձր խաղային որակներին, այս ֆուտբոլիստները հավաքական էին գալիս զվարճանալու։
«Հավաքականը պարտվում է 0:3 հաշվով, ֆուտբոլիստը նստում է ավտոբուս, ատամները բացում մինչև ականջները: Ինչի՞ համար է ուրախանում: Դավաճանությունը միայն խաղը վաճառելը չէ: Դու գալիս ես հավաքական, տեղ ես զբաղեցնում, ասում ես՝ պատրաստ ես, բայց չես խաղում: Լավ, եթե Յուրա Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա Մոսկվայի «Սպարտակ»-ին նրան ինչո՞ւ հեռացրին: Բոլորդ տեսել եք, նա ֆուտբո՞լ է խաղացել վերջին 2 տարում, իհարկե, ո՛չ»:
Անցած տարեվերջին «Ազատությանը» տված հարցազույցում Հայրապետյանը պնդել էր, որ չի միջամտում մարզչի աշխատանքին, իսկ նման լուրեր տարածողները փորձում են իրեն վարկաբեկել, նույնիսկ շեշտել էր՝ նման բան անելն իր համար անբարոյականություն է։ Հավաքականի նորանշանակ մարզիչն էլ էր վստահեցրել «Ազատության» հետ զրույցում՝ եթե անգամ նման մի շշուկ լինի, թե Հայրապետյանը միջամտում է իր որոշումներին, հրաժարական կտա։
Այսօրվա հարցազրույցում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն արդեն հայտարարում է՝ ոլորտի թիվ մեկ պատասխանատու ինքն է և պարտավոր է միջամտել հավաքականի գործերին:
Նրա խոսքով՝ գլխավոր մարզիչը փորձել է հավաքական հրավիրել Մովսիսյանին, Արզումանյանին և Կասպարովին։ «Մարզիչը ցանկացել է տեսնել բոլոր երեք ֆուտբոլիստներին, պարզապես ես եմ արգելել, որ նրանք ոտք դնեն հավաքական: Իհարկե, մարզիչը կուզենար այդ խաղացողներին, բայց սկսենք նրանից, որ Ռոբերտ Արզումանյանը հայտարարել էր, որ ինքը հրաժարվում է հավաքականից, բայց ես դրանից երեք ամիս առաջ եմ ասել, որ նա հավաքականում չի լինելու»:
Ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը կարծում է, որ Հայրապետյանի այս որոշումը բացասական կանդրադառնա հավաքականի խաղի վրա։ Շեշտում է՝ հավաքականի կազմը մարզիչը պետք է որոշի։ Մեկնաբանը վստահ է՝ եթե ֆուտբոլիստները նվիրված չէին, նրանց կարելի էր այլ կերպ պատժել, բայց ոչ երեք առաջատարներին միանգամից հեռացնել կազմից։
«Առջևի գծում Յուրա Մովսիսյանն էր լավագույնը, գործող դարպասապահներից՝ Կասպարովը և գործող պաշտպաններից, մյուսներին առանց նեղացնելու և վիրավորելու, Ռոբերտ Արզումանյանը: Ստացվում է՝ չորս խաղային օղակներից երեք առաջատարները չկան»,- ասաց մեկնաբանը:
Մարտի 25-ին մեր թիմը Բելառուսի հետ է մրցելու, սա նաև դարպասապահ Բերեզովսկու հրաժեշտի խաղն է, ակնկալվում էր, որ հետո դարպասապահ կդառնար հենց Կասպարովը։
«Դարպասապահներ ունենք, ուղղակի գտնվում են խոստումնալից և հավանական խոստումնալից մակարդակի վրա, հնարավոր է դառնան Կասպարովից ու Բերեզովսկուց ավելի լավը, բայց այն, որ Կասպարովը թիվ մեկ է եղած դարպասապահներից, կարծում եմ, միանշանակ է»,- ասաց Կարա-Պողոսյանը:
Ֆեդերացիայի նախագահի հրաժարականը պահանջող երկրպագուների ՖԱՖ ակումբը, որին Հայրապետյանը մեղադրում է քաղաքական ինտրիգների համար, ևս քննադատում է ֆուտբոլիստներին հավաքականից հեռացնելու որոշումը։ Սերգեյ Ջանջոյանը կարծում է, որ Հայրապետյանը դեռ կփոշմանի այս որոշման համար։ Նա հիշեցնում է, որ բարձր կարգի մարզիչ էին պահանջում նաև այն պատճառով, որպեսզի Հայրապետյանը չմիջամտեր որոշումների կայացմանը։
«Եթե մարզիչը լուրջ մակարդակ ունի, նա կյանքում թույլ չի տա, որ ինչ-որ մեկը խառնվի իր գործերին ու որոշում կայացնի իր փոխարեն: Դա տեղի չունեցավ, և ունենք այս վիճակը: Պետք չէ զարմանալ, հետագայում այս ֆուտբոլիստների շարքը կարող է ընդլայնվել, ես չեմ բացառում: Վիճակը, իհարկե, լավագույններից չէ, և ես չեմ կարծում, որ այդ կերպ հնարավոր է հավաքականում լավ մթնոլորտ ստեղծել»,- ասաց Ջանջոյանը:
Թե՛ երկրպագուները, թե՛ ֆուտբոլային մեկնաբանը կարծում են, որ այս կազմով Հայաստանի հավաքականը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլը անցնելու հնարավորություն գրեթե չունի։