Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ Ոստիկանապետը «խուլիգանի պես հարձակվում և հարվածում էր մարդուն»


Սյունիքի մարզի քննչական կոմիտեի վարչության պետի, մարզի դատախազի ու նրա տեղակալի աչքի առջև մարտի 8-ի գիշերը Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը տեղի ռեստորաններից մեկի բակում քաշքշել է մի երիտասարդի:

Համացանցում տարածված տեսագրությունում հստակ երևում է, թե ինչպես է թիկնեղ ոստիկանապետը երիտասարդի օձիքից բռնած քաշում՝ փորձելով նստեցնել մեքենան:

Միջադեպը, ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, փողոցային վիճաբանություն է հիշեցնում․ - «Նա սովորական փողոցային կռիվ էր անում: Օգտվելով իր ունեցած դիրքից, հասկանալով, որ դիմացինը չի կարող իրեն պատասխանել համարժեք՝ անընդհատ խուլիգանի պես հարձակվում և հարվածում էր մարդուն: Դա ուղղակի ամոթ է: Ընդհանրապես ոստիկանների գործողություններից շատ դեպքերում վերջին տարիներին մենք ամաչելու առիթ ունենք, և սա այդ ամոթալի դեպքերից մեկը կարելի է համարել»:

Վիճաբանության պատճառը պարզ չէ, սակայն հայտնի է, որ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի կողմից քաշքշվող երիտասարդը փոխոստիկանապետի՝ Մուշեղ Գևորգյանի եղբայրն է: Ընդ որում, միջադեպի հաջորդ օրն իսկ Գևորգյանն ազատվել է ոստիկանապետի տեղակալի պաշտոնից, իսկ նրա եղբայրը կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Գորիսի արդեն նախկին փոխոստիկանապետ Մուշեղ Գևորգյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ իր 33-ամյա եղբորը ծեծի է ենթարկվել՝ հրաժարվելով, սակայն, նշել, թե ում կողմից․ - «Ինքը ներսում նստած ա եղել: Ինքը տենում ա ընկերոջն անծանոթ մարդ ա տանում, ինքը չի ճանաչում տանողն ով ա․․․»:

Տանողը, մինչդեռ, ոստիկանապետն է եղել, և Գևորգյանի պնդմամբ, իր եղբայրը նրան չի ճանաչել․ - «Որտեղի՞ց ճանաչի»:

Հարցին, թե արդյոք տաքարյուն մարդ է իր եղբայրը, փոխոստիկանապետը պատասխանեց․ - «Նայած: Եթե իրան մեր էր քֆրում, ցանկացած հայ տղամարդ էլ տաքարյուն կըլնի»:

Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին․ ընդամենը ասաց, որ չի կիսում իրավապաշտպանների կարծիքը, թե չարաշահել է իր լիազորությունները:

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը չհամաձայնեց «Ազատության» դիտարկմանը, թե դեպքի ժամանակ ինքը դիտորդի դեր է ստանձնել՝ պնդելով, որ դրսևորել է իրեն «ինչպես հարկն է»:

Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել, 18 մարդ արդեն հարցաքննվել է: Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հատկանիշներով, ինչի համար սպառնում է տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, որ փաստորեն տուժողը դարձել է մեղադրյալ․ - «Առավել քան հիմնավոր է, որ և՛ դատախազը, և՛ քննչական բաժնի պետը գտնվել են պաշտոնական գործառույթների իրականացման մեջ: Եվ նրանք, ըստ էության, ամբողջությամբ նպաստել են, որ անձի նկատմամբ ոչ միայն կատարվի բռնություն, այլ նաև անձը այդ բռնության հետևանքով ստանա վնասվածքներ: Ոստիկանության պետի կողմից բռնություններ քաղաքացու նկատմամբ դատախազի և քննչական բաժմի պետի ներկայությամբ»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե ու Գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նաև միջադեպին ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին:

Իրավապաշտպանները պնդում են, որ այս միջադեպը վկայում է Սյունիքում տիրող ամենաթողության մասին՝ հիշեցնելով մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապվող աղցմկահարուց պատմությունները, որոնցից մարզպետն ու իր մերձավորները գրեթե միշտ «չոր են դուրս գալիս»:

«Այս դեպքը ոչ թե բացառիկ է, այլ հանդիսանում է Սյունիքի մարզում համատարած անպատժելիության մթնոլորտի տրամաբանական շարունակությունը», - հայտարարեց Արթուր Սաքունցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG