Մատչելիության հղումներ

Թուրքիայի ղեկավարությունը և ընդդիմությունը դատապարտել են Բրյուսելի ահաբեկչությունը


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Օրեր առաջ ահաբեկչության թիրախում հայտնված Թուրքիայի ղեկավարությունը դատապարտել է այսօր Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը: Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն աջակցություն է հայտնել Բելգիայի կառավարությանն ու ժողովրդին՝ հայտարարելով, որ ահաբեկչությունը մեկ անգամ ևս ցույց տվեց իր համաշխարհային դեմքը:

Անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին՝ Դավութօղլուն ասել է.- «Արդեն դիմակները պատռվել են, ահաբեկչությանը կողմ և դեմ լինողները թող հստակ ցույց տան իրենց դիրքորոշումը»:

Բրյուսելի ահաբեկչությունը դատապարտել է նաև Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Բեքիր Բոզքըրը: «Սարսափեցի, երբ իմացա Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի մասին: Պետք է շարունակել պայքարը ամեն տեսակ ահաբեկչության և դրա աջակիցների դեմ՝ առանց տարբերակման»,- գրել է նախարարը իր թվիթերյան էջում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել ավելի վճռական պայքար տանել ահաբեկչության դեմ: «Հայտնի չէ, թե երբ և ով կհայտնվի ահաբեկչության թիրախում, այդ պատճառով էլ հեշտ չէ այն կանխել: Բրյուսելում անվտանգության մեծաթիվ միջոցառումներով հանդերձ, ցավոք, ահաբեկչություն տեղի ունեցավ: Անհրաժեշտ է միասնաբար պայքարել ահաբեկչության դեմ»,- ասել է նա:

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ահաբեկչությունը համամարդկային հանցանք է որակել․- «Բրյուսելում պայթած ռումբերը մարդկության դեմ ուղղված հանցագործություն են: Ցավակցում եմ ողջ Բելգիային, երկրի բնակչությանն ու մեր հայրենակիցներին»:

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով չեղյալ են հայտարարվել թուրքական ավիաուղիների 9 չվերթ, իսկ Բրյուսել մեկնած ինքնաթիռները վայրէջք են կատարել Ամստերդամի օդանավակայանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG