Անցած շաբաթ Երևանում կայացած մարդու իրավունքների շուրջ ԵՄ - Հայաստան երկխոսության ժամանակ եվրոպացի պաշտոնյաները բարձրացրել են նաև Ամանորից անազատության մեջ գտնվող ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի հարցը: Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Հարցեր կան, որոնք ես չեմ քննարկի հրապարակավ, սակայն գաղտնիք չէ, որ մենք բարձրացրել ենք ակտիվիստի հարցը, ով անազատության մեջ է Ամանորի գիշերվանից և ում գործը նախաքննության փուլում է և մեր կարծիքով նախաքննական փուլում այդ ակտիվիստի անազատության մեջ գտնվելը անհամաչափ է իրավիճակին: Մենք նաև բարձրացրել ենք այլ մարդկանց հարցերը, ովքեր բանտում են, և մեր կարծիքով, դատապարտվել են անհամաչափ եղանակով», - նշեց Սվիտալսկին:
Եվրամիություն-Հայաստան բանակցությունների առանցքում, ըստ դեսպանի, շարունակում են մնալ նաև սահմանադրական հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումների հետաքննությունը ու մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, որոնց համար մինչ օրս որևէ մեկը չի պատժվել․ - «Առանձին թեմա է եղել անցած հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների մասին պնդումների հետաքննությունը: Մենք նաև բարձրացրել ենք Հայաստանում 2008թ․ ողբերգական դեպքերի հարցը: Հայաստանի իշխանությունները պետք է առկա հարցերին պատասխան տան և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: Մենք նաև քննարկել ենք անհատներին առնչվող դեպքերը, տվել ենք մարդկանց անուններ, որոնց Հայաստանի իշխանությունները պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնեն, որովհետև այդ դեպքերը Հայաստանի հեղինակության համար լավ չեն»:
Մարդու իրավունքներին առնչվող հարցերից բացի պաշտոնական Բրյուսելը բարձրացրել է նաև արդարադատության համակարգի բարեփոխման ու կոռուպցիայի հարցը: Մենք ակնկալում ենք գործողություններ ու հստակ արդյունքներ՝ ընդգծեց Եվրամիության դեսպանը․ - «Հայաստանին բեկում է անհրաժեշտ կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք մի շարք լավ փաստաթղթեր ունենք, մենք ունենք ռազմավարություն, գործողությունների պլան, հակակոռուպցիոն մարմին, որը ղեկավարում է վարչապետը, բայց մենք կարիք ունենք արդյունքների: Մենք ունենք ծրագրեր, բայց կարիք ունենք գործողությունների: Հայաստանը անցած տարի ցավոք 94-րդ տեղից հայտնվեց 95-րդում «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման ինդեքսում: Մինչդեռ հարևան Վրաստանը 50-րդ տեղից հասավ 15-րդին: Վրաստանը լավ օրինակ է, նույնիսկ անցած տարիների նույն ժառանգությամբ, նույնիսկ մեկ շնչին ընկնող եկամտի նույն մակարդակով հնարավոր է որոշիչ քայլեր անել և բեկում մտցնել»:
2017թ․ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները առանցքային են Եվրամիության համար՝ ընդգծեց դեսպանը․ - «Հաջորդ ընտրությունները որոշելու են քաղաքական կառավարման մոդելը և հանրության ու իշխանությունների հարաբերությունների մոդելը: Ուստի, մենք շատ անկեղծ քննարկում ունեցանք: Հստակորեն ասացինք՝ կցանկանայինք, որ այդ ընտրություններն անցնե ոչ միայն Հարավային Կովկասի, այլև լավագույն եվրոպական չափանիշներին համապատասխան»:
Մոտ մեկ տարի առաջ կառավարությունը հայտարարեց նոր հակակոռուպցիոն խորհրդի ստեղծման մասին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Եվրամիության դեսպանը հատուկ ընդգծեց՝ կարևոր է, որ հակակոռուպցիոն մարմինը լինի անկախ ու հետաքննելու իրավունք ունենա՝ համաձայն Եվրոպայի, Արևմուտքի չափանիշներին․ - «Կան տարբեր մոդելներ, Եվրամիությունը աջակցում է քաղհասարակության, փորձագետների հետ իրականացնող մի ծրագրի, որը պետք է հնարավոր լուծումները առաջարկի Հայաստանի համար: Նման անկախ հետաքննող մարմինների տարբեր օրինակներ կան, սկսած Սինգապուրի, Հոնգկոնգի մարմիններից մինչև արևմտյան փորձառությունը, նաև անցումային երկրների փորձառությունը կա՝ Լեհաստան, Ռումինիա: Այս բոլոր երկրները ստեղծել են նման անկախ մարմիններ, որոնք չեն ղեկավարվում իշխանության գործադիր ճյուղի կողմից»:
Կարծիք հայտնելով, թե Սերժ Սարգսյանի փետրվարյան ելույթը կարող է հիմք լինել արդյունք տվող գործողությունների, միաժամանակ Պյոտր Սվիտալսկին ընդգծեց․ - «Եթե կան կասկածներ, որ դու՝ որպես խորհրդարանական, որպես նախարար, քո պաշտոնը օգտագործում ես քո անձնական բիզնես գործողությունների համար, ոչ մեկը ոչ Հայաստանում, ոչ էլ այլ երկրում կհավատա, որ դու գործում ես ողջ ազգի շահերից ելնելով: Բայց երբ ունես թափանցիկ, խիստ օրենքներ՝ շահերի բախման վերաբերյալ, այդ դեպքում նույնիսկ շատ հարուստ մարդկանց կարելի է վստահել»:
Արձագանքելով հարցին՝ արդյոք Բրյուսելում մտահոգված չե՞ն, որ Երևանի հետ բանակցությունները այս անգամ ևս կարող են ավարտվել ոչնչով և փաստաթուղթ չի ստորագրվի՝ եվրոպացի դիվանագետը վստահություն հայտնեց․ - «Կունենանք լավ փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթում ոչինչ չկա, որը կբարդացնի Հայաստանի կյանքը ԵՏՄ-ի կազմում»: