Մատչելիության հղումներ

Օբամայի պատմական այցը Կուբա


Կուբայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռաուլ Կաստրոն և Բարաք Օբաման, Հավանա, 21 մարտի, 2016թ.
Կուբայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռաուլ Կաստրոն և Բարաք Օբաման, Հավանա, 21 մարտի, 2016թ.

Այցից առաջ նա Թվիթերում գրել է ¿Que bolá Cuba? «Ինչպե՞ս ես,Կուբա»։

«Կեցցե Ֆիդելը, կեցցե Օբաման»` այսօր վանկարկել են Կուբայի մայրաքաղաքի բնակիչները։ Տարիներ առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ կոմունիստական Հավանայի փողոցներում մարդիկ կողջունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարին։

Երեկվանից Բարաք Օբաման սկսել է իր պատմական այցը մի երկիր, որը խորհրդային մամուլում հպարտորեն անվանել են «ազատության կղզի»։

1959 թվականին է Ֆիդել Կաստրոն սովետների ֆինանսական և ռազմական աջակցությամբ կոմունիստական վարչակարգ ստեղծել Կուբայում։

Տասնամյակներ շարունակ այդ կղզին գոյատևել է շրջափակման պայմաններում և տնտեսական օգնություն միայն կոմունիստական պետություններից է ստացել։

15 ամիս առաջ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ արմատապես վերանայում է Վաշինգտոնի քաղաքականությունը Հավանայի նկատմամբ։ Նա ասել է, որ Ամերիկան երբևէ չի նահանջի մարդու իրավունքների հարցում և կշարունակի Կուբայի ղեկավարներին հորդորել` բարելավել վիճակը, ազատել քաղաքական բանտարկյալներին։

2014 թվականի դեկտեմբերի 14-ին Օբաման հեռախոսազրույց է ունեցել Կուբայի ներկայիս նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ, ով այդ պաշտոնում փոխարինել է վատառողջ եղբորը` կոմունիստական վարչակարգի հիմնադիր Ֆիդել Կաստրոյին։ Երկու երկրների ղեկավարները որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, հայտարարել են, որ կստորագրվեն հեռահաղորդակցության պայմանագրեր և կվերականգնվի կանոնավոր օդային հաղորդակցությունը։

Սակայն 54 տարի տևող տնտեսական էմբարգոն մնում է ուժի մեջ, թեպետ Օբաման հայտնել է, որ շրջափակումը ժամկետանց մոտեցում է։

Հավանա հասնելուց ժամեր առաջ Օբաման Թվիթերում գրել է "¿Que bolá Cuba?", թարգմանաբար` «ինչպե՞ս ես, Կուբա»։

Երեկ Հավանայում նրան դիմավորել է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիյան։ Օբաման Կուբայի մայրաքաղաքում նախ հանդիպել է վերջերս վերաբացված ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին։

«Ստեղծվել է Կուբայի ժողովրդի հետ անմիջական համագործակցության պատմական հնարավորություն»,- ասել է Օբաման դիվանագետներին։

Միացյալ Նահանգների նախագահն այսօր հանդիպել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ, ծաղկեպսակ է դրել հեղափոխական Խոսե Մարտիի հուշարձանին։

Օբաման պետք է հանդիպեր նաև այլախոհներին, սակայն նրա այցից մի քանի ժամ առաջ Կուբայի ոստիկանները բերման են ենթարկել մոտ հինգ տասնյակ ընդդիմադիրների։

Օբաման ընդամենը 48 ժամով է մեկնել Կուբա։ Ամերիկացի դիվանագետներին հանդիպելուց հետո նա շրջել է մայրաքաղաք Հավանայի կենտրոնում։

Օբաման, առաջին տիկին Միշելը և նախագահի դստրերը` Մալիան ու Սաշան, զբոսանքը սկսել են Plasa de Armas-ից` Զենքի հրապարակից։ Հյուրերին ուղեկցել է պատմաբան Էուսեբիո Լեալը։ Հավանայի բնակիչները բավական ոգևորված են:

«Օբամայի այցը շատ ազդեցիկ երևույթ է Կուբայի և ամբողջ աշխարհի մարդկանց համար: Տեսնենք` արդյո՞ք Կուբայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները կբարելավվեն»,- ասել է Հավանայի բնակիչներից մեկը։

«Շատ հուզված եմ, տեսա նրան Մալեկոնում և այստեղ` պատմական թաղամասում»,- ասել է մեկ ուրիշը։

Վերլուծաբանների համոզմամբ, ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունների բարելավումը ունի միջազգային մեծ նշանակություն։

Օբամայից առաջ ԱՄՆ-ի նախագահներից Կուբա է մեկնել միայն Քալվին Քուլիջը` 1928 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG