Միացյալ Նահանգները պատրաստ է ֆինանսական, քաղաքական և մշակութային միջոցներով աջակցել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից ԱՄՆ-ի Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը հայտարարել են մի շարք կոնգրեսականներ:
Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջեյմս Լանգևինը, Ջուդի Չուն և Ջեքի Սփիըրը հայտարարել են, որ ամերիկացի բազմաթիվ օրենսդիրների հետ միասին հայ ժողովրդի կողքին են:
Լոս Անջելեսի շրջանից ընտրված կոնգրեսական Շիֆի խոսքով, ինքը ներկայացնում է մոլորակի լավագույն և ամենաառաջադեմ Սփյուռքը. - «Քաղաքական կյանքի առաջին իսկ օրերից ես դարձել եմ հայկական ընտանիքի անդամ և շատ շնորհակալ ու զգացված եմ՝ այդ ընտանիքի անդամ լինելով»:
Խոսելով կոնգրեսականների ներդրումի մասին՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է, որ հպարտ է աշխատել ներկայիս Կոնգրեսի հետ, որն առաջարկել է ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղության հաստատման երեք պայմանները՝ սահմանագծից դիպուկահարների հեռացում, կրակի ուղղությունը որսացող հատուկ սարքավորումների տեղադրում և հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքի միջազգային հետաքննություն: «Խաղաղության հաստատման բանալին առաջին հերթին օրեցօր շարունակվող բռնություններին և սպանություններին վերջ դնելն է», - ասել է նա:
Կոնգրեսական Ջուդի Չուի խոսքով, խաղաղության հաստատումը միայն առաջին քայլն է, մինչդեռ երկրորդ քայլը պետք է լինի բարգավաճման հասնելը, որի նպատակով կոնգրեսականն աջակցում է ԱՄՆ-ում և Հայաստանում երկակի հարկումից խուսափելու համաձայնագիր ընդունելու առաջարկը։ «Տնտեսական կապերը հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության կարևորագույն բաղադրիչն են», - նշել է նա:
Կոնգրեսականները ընդգծել են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, որը, Ջուդի Չուի խոսքով, անհրաժեշտ է՝ պատմության ճշմարիտ կողմում մնալու համար:
Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիըրն իր հերթին հիշեցրել է ԱՄՆ-ի կառավարությանը, որ Հայաստանն ընդունել է շուրջ 20 հազար փախստական Սիրիայից, ինչի համար անհրաժեշտ է Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրել՝ որպես օգնություն փախստականներին:
Լեռնային Ղարաբաղում գտնվող Քերոլայն Քոքսի անվան վերականգնման կենտրոնի ղեկավար Վարդան Թադևոսյանն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը կոչ են արել Միացյալ Նահանգներին շարունակել Ղարաբաղի բնակչությանն օգնություն հատկացնելու քաղաքականությունը:
«Մենք շնորհակալ ենք, որ չնայած ԱՄՆ-ը չունի պաշտոնական կապեր Ղարաբաղի հետ, Կոնգրեսում մեր ընկերների և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի շնորհիվ օգնություն այնուամենայնիվ, ստացվում է»:
Դիվանագետի խոսքով, օգնությունը թույլ է տալիս Ղարաբաղի տարածքում ականազերծում իրականացնել և ապահովել հաշմանդամների վերականգնումը՝ վերջին հաշվով նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: