«Նորաշեն-2007» ընկերությունը տասնյակ քաղաքացիների տներ է վաճառել, հետո ֆինանսական խնդիրների պատճառով այդ տները մասնավոր անձանց մոտ գրավադրել՝ տոկոսով գումարի դիմաց։
Ընկերության ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանը դատապարտվել են մինչև 6 տարվա ազատազրկման։ Անօթևան մնացած ու խաբված գնորդների հարցը, սակայն, դատարանում այդպես էլ չի լուծվել: «Ովքեր են մեղավորները, հայտնի չի փաստորեն, դատարանը նրանց վկաներ սարքեց, մենք տուժողներ ենք, էդ դրածոները օրինակելի գնորդներ են, բա ովքե՞ր են մեղավորները, 200 հոգի խաբվել են», «էդ ո՞նց եղավ որ 2,5 միլիարդի գումար հափշտակեցին ու ոչ մեկը չնկատեց, ու մեղավորներ էլ չկան, ո՛չ կադաստրից մեղավոր կա, ո՛չ նոտարից, ո՛չ ստուգող կազմակերպություններից», «նույն դատավորը կանգնած մեր առաջ համաձայնվում ա մեր հետ, գիտի, որ մենք ճիշտ ենք, գլխով ա անում, համաձայնվում ա մեր բոլոր ասածներին, վերջում մի հատ վերևից հրահանգավորված վճիռ ա ներկայացնում ու շպրտում մեր ճակատին, բացահայտ, էս ինչ ա կատարվում, անարխիայի երկիր են սարքել, անունը դրել՝ ժողովրդավարական»,- դժգոհում են խաբված մարդիկ:
Նրանց կարծիքով՝ դատարանը կողմնակալ է. տոկոսով գումար տված վաշխառուներին պատժելու փոխարեն նրանց օրինական գնորդ է ճանաչում։ Պնդում էին՝ պատճառն այն է, որ վերջիններն ազդեցիկ մարդիկ են, նրանց թվում պաշտոնյաներ կան։ «Մեկը Հերմինե Նաղդալյանն ա, մեկը Գագիկ Առաքելյանն ա՝ ԿԳԲ-ի պետ»,- ասում են բողոքողները։
Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը դատաքննության ու նախաքննության ընթացքում հաստատել է, որ «էլիտար» կոչվող այդ շենքից իր ու հարազատների համար 14 բնակարան է գնել, սակայն, երկու տարի անց է միայն իմացել, որ դրանք արդեն վաճառված են։ Այդ ժամանակ Էջմիածնի հարկային տեսչության պետ Բեգլարյանը պնդել է նաև, որ ինքը տոկոսով գումար երբեք ո՛չ վերցրել է, ո՛չ տվել։
Տուժած քաղաքացիները քաղաքացիական հայցով նորից են դատարան դիմել։ Պահանջում են մինչև հարցի վերջնական լուծումը վիճելի բնակարանների վրա կալանք դնել, որպեսզի դրանք նորից չվաճառվեն։ Մինչ այդ, շատերն այստեղ ապրում են քանդված պատերի մեջ՝ առանց ջեռուցման, աստիճանավանդակի ու վերելակի։ «Ոնց որ ասած, արդեն գիտենք՝ որտեղ ա ընկնելու տեղը, տեսնում եք փակել ենք, թեկուզ թղթի յաշիկներով փակած ա»:
Սեփական միջոցներով բարեկարգում են բնակարանները, սակայն վախով, որ մի օր ստիպված կլինեն ամեն ինչ թողնել ու հեռանալ։ «Ցանկանում ենք մարդկային պայմաններ ստեղծենք, ապրենք, բայց վախենալով, շենքի վիճակը գիտե՞ք ինչ վիճակ ա, չգիտենք էլ՝ ոնց կլինի հետո, անորոշ ապրում ենք», «թե պետությունը մարդատեղ կդնի, թե մենք իրանց պետության բնակիչներն ենք, ով ենք մենք հիմա՝ չենք հասկանում ընդհանրապես, գոնե գան՝ աբլիցովկա անեն, գոնե մի հատ լիֆտ դնեն շենքին, մինչև պրոցեսը՝ հիմա քրեական ա, քաղաքացիական ա, լուծվի»,- ասում են բնակիչները։
Տուժածներն այսօր նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմին բողոքի նամակ հանձնեցին։ Պնդում էին՝ եթե պատասխան չստանան, ծայրահեղ քայլերի կդիմեն։ «Եթե էս անգամ էլ նախագահը մեզ չաջակցեց, մենք բերելու ենք վրանները ստեղ փռենք կապենք ու ստեղ բնակվենք, հենց իրա աչքի առաջ ենք բնակվելու»։