Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պնդմամբ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հասեցին մեղադրանքներ է հնչեցնում՝ ընդամենը ցույց տալու համար, թե իշխանությունների հետ կապ չունի, մինչդեռ նա «իրենց ախպերն է»: «Ինքը մեր հետ ա, պրոստը ուզում ա ցույց տա, որ ինքը մեր հետ չի: Իրա նպատակն էդ ա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:
Օրերս խորհրդարանում հայտարարությունների ժամին Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ էր առել այն փաստը, թե Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանում շաքարավազ է արտադրվում: Փաշինյանը չէր բացառել, որ Ալեքսանյանն իրականում պատրաստի շաքարավազ է ներկրում, բայց բարձր մաքսատուրքերից խուսափելու համար այն որպես հումք է ձևակերպում:
«Այն իրո՞ք շաքարավազ արտադրող ընկերություն է, թե՞ ընդամենը բուտաֆորիա՝ պատրաստի շաքարավազը մի դռնով որպես հումք մտցնելու, մյուս դռնով որպես պատրաստի արտադրանք հանելու և այսպիսով տասնյակ միլիոնավոր դոլարների մաքսատուրքերից խուսափելու համար»,- հարց էր հնչեցրել Նիկոլ Փաշինյանը:
Հակադարձելով Փաշինյանի այս հայտարարություններին, Սամվել Ալեքսանյանն այսօր վստահեցրեց՝ արդեն 4-5 տարի է ինքը շաքարավազ չի ներկրում, Բրազիլիայից շաքարեղեգի հումք է ներկրում և այն մշակում է Ախուրյանի գործարանում: Տարեկան գործարանը 80 հազար տոննա շաքարավազ է արտադրում, որը լրիվ բավարարում է հայաստանյան շուկայի պահանջները:
«Նիկոլ Փաշինյանը հիմա ինքը իրա թեման բռնել ա օդից կախված, ես էլ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մեր հետ ա, ինքը ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի: Կարում ա՞ ապացուցի, որ ես պատրաստի հումք եմ բերում, դե թող գա ապացուցի, թե չէ օդից կախված լուրերով․․․ էդ ձև չի լինում: Բնական ա, դեմներս ընտրություն ա, Նիկոլ Փաշինյանը պետք ա գա մեր համայնք, իրար հետ ընտրություն անենք, դրա համար ինքը ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի: Ինքը մեր ախպերն ա, մեր հետ ա ինքը»,- կրկնեց Ալեքսանյանը:
Նա լրագրողներին անգամ առաջարկեց այցելել Ախուրյանի գործարան և տեղում համոզվել, որ ինքը շաքարեղեգ է մշակում: Երբ լրագրողները ցանկություն հայտնեցին հենց այսօր այցելել, գործարար պատգամավորը հակադարձեց՝ այս պահին գործարանը կանգնած է, երբ սկսի աշխատել, սիրով լրագրողներին կհյուրընկալի այնտեղ: «Մի ամիս, ամիսուկեսի մեջ մենք խոդ կտանք, ձեզ էլ կհրավիրենք, կգաք կնայեք»:
Խորհրդարանական հայտարարությունների ժամին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հիշեցրել էր, թե ինչպես 2010 թվականին Սերժ Սարգսյանն այցելեց Ախուրյանի շաքարի գործարան: Այցը մեծ շուքով լուսաբանվեց, և հենց դրա ժամանակ էլ ազդարարվեց գործարանի բացումը: Նախագահի պաշտոնական կայքէջում նշվել էր, թե գործարանի կառուցումը նպատակ ունի մարզերում խթանել ճակնդեղագործությունը: Ավելին՝ 2008-ին այդ նպատակով կառավարությունը հաստատել էր ճակնդեղագործության զարգացման հայեցակարգ:
«Անձամբ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, մեջբերում եմ՝ գործարանն այս համայնքների համար լոկոմոտիվի դեր է կատարելու, որովհետև ի վիճակի է վերամշակելու տեղում արտադրված ճակնդեղը»,- հիշեցրել էր ընդդիմադիր պատգամավորը:
Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից 4 տարի անց՝ 2015-ին, Փաշինյանը հարցում է ուղարկել գյուղատնտեսության նախարարություն՝ փորձելով պարզել, թե 2010-ից սկսած Հայաստանում քանի տոննա շաքարի ճակնդեղ է աճեցվել և մթերվել: «Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ստորագրությամբ պատասխան եմ ստացել, որտեղ նախարարը սենսացիոն թվեր է տալիս՝ 2009 - 2014 թվականներին Հայաստանում ոչ մի կիլոգրամ շաքարի ճակնդեղ չի մթերվել: Պատկերացնո՞ւմ եք, Սերժ Սարգսյանի մակարդակով արված հայտարարությունից հետո գործարանը նույնիսկ ձևի համար մի կիլոգրամ ճակնդեղ մթերելու փորձ չի արել»,- ասում էր Փաշինյանը:
Նա փորձել է նաև պարզել, թե Ախուրյանի գործարանը քանի աշխատող ունի, սակայն, ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը պատասխանել է՝ հնարավոր չէ պարզել, թե այնտեղ որքան աշխատող կա և որքան հարկ է վճարվել, քանի որ գործարանը հարկատու չէ, հարկատուն «Ալեքս Գրիգ»-ն է: Այսօր Սամվել Ալեքսանյանն ինքն էլ չպատասխանեց այդ հարցին: Իսկ թե ինչու ճակնդեղագործության զարգացման մասին նախագահի խոստումը չկատարեցին, այս հարցին ի պատասխան, Ալեքսանյանը պարզաբանեց՝ համապատասխան մասնագետներ չունեն: «Ցավդ տանեմ, ֆինանսական դժվարություն չկա, մասնագետներ են պետք, ժամանակ ա պետք, 30 տարի էդ բազուկը չի ցանվել»,- բացատրեց Ալեքսանյանը:
Հավելենք՝ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հեգնել էր, թե պետք չէ հուսահատվել, որ ճակնդեղագործությունը չի զարգանում Հայաստանում, քանի որ այդ գործի նվիրյալներ ունենք՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի: «Կարծում եմ ժամանակն է՝ արդեն իսկապես մտածել պարոնայք Սամվել Ալեքսանյանին և Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության պատվավոր ճակնդեղագործի կոչում շնորհելու մասին»,- ասել էր Փաշինյանը: