Սահմանադրական հանրաքվեի ժամանակ «Այո»-ի օգտին 300 ձայն ավելացրած ընտրահանձնաժողովի նախագահը պնդում է՝ բարեփոխումներին հավատալով է արդյունքները կեղծել:
Այսօր դատարանի առջև կանգնած 70-ամյա հանրապետական Հենրիկ Շահբազյանին սպառնում է 3-5 տարվա ազատազրկում:
Սահմանադրական հանրաքվեի ընթացքում կատարված ընտրակեղծիքների համար դատարանի առաջ կանգնած մյուս ընտրակեղծարարների օրինակով Շահբազյանը ևս միջնորդեց արագացված դատաքննություն անցկացնել՝ առանց ապացույցներն ուսումնասիրելու:
Մեղադրական եզրակացության համաձայն` գյուղում սիրված և հարգված անձ բնութագրվող գյուղապետի տեղակալը դժգոհ է մնացել իր տեղամասում «Ոչ»-ի հաղթանակից, քվեարկությունից ու հաշվարկից հետո քվեներով պարկը ընտրատարածքային հանձնաժողով տանելու ճանապարհին 300-ով ավելացրել է քվեարկածների թիվը և «Այո»-ի օգտին ձայները՝ 301-ից դարձնելով 601:
Կեղծիքը բացահայտվել է միայն այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսը անհամապատասխանություն է հայտնաբերել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների ու ընտրահանձնաժողովից ստացված արդյունքների միջև:
Արդյո՞ք իր կամքով է ընտրահանձնաժողովի հանրապետական ղեկավարը որոշել կեղծել արդյունքները՝ այս հարցը դատարանում չհնչեց, ամբաստանյալը դրան նիստից հետո ևս չպատասխանեց: «Ազատության» հարցին ի պատասխան միայն ասաց` «ես հավե՞ս ունեմ էս հասակիս պատասխանեմ էդ հարցերին»:
Գյուղապետի տեղակալին առաջադրված մեղադրանքով սպառնում է 3-5 տարվա կալանք, թոշակառու Շահբազյանն ասաց՝ պատրաստ է «Այո»-ի համար նաև ազատազրկվել:
Հաջորդ դատական նիստին մեղադրական ճառով հանդես կգա դատախազը:
Մինչ օրս հանրաքվեի գործերով որևէ մեկը ազատազրկման չի ենթարկվել: Հիմնականում կրկնաքվեարկություն կատարած անձինք դատապարտվել են 500-600 հազար դրամ տուգանքի, իսկ կալանքի տակ գտնվող միակ անձը՝ Կենտրոնի թաղապետարանի աշխատակից Զավեն Միրիջանյանը, ամիսներ առաջ ազատ արձակվեց՝ կաշառելու փորձի համար դատապարտվելով երկու տարվա պայմանական ազատազրկման: