Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), ի պատասխան «Ազատության» հարցին, պարզաբանումներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի նամակի առնչությամբ, որն ուղղված էր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը հրապարակել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ուղղված նամակը, որով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը միջնորդել է «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպման համար ձևավորվող թվով 28 ընտրական տեղամասերում (25-րդ ընտրատարածք) Հայ ազգային կոնգրես խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց»: ՀԱԿ խմբակցությունը ի՞նչ դիրքորոշում ունի այդ առաջարկի հետ կապված, որպեսզի Հրազդանում ընտրական հանձնաժողովների տեղերը տրվեն ՔՊ-ի ներկայացուցիչներին, և արդյոք առաջիկա ընտրություններում կսատարի՞ Սասուն Միքայելյանի թեկնածությունը»: «Ազատության» այս հարցերին պատասխանել է Կոնգրեսի խմբակցության մամուլի պատասխանատու, փորձագետ Արմեն Խաչատրյանը:
«Համաձայն Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի (Տեղամասային հանձնաժողովներ կազմավորելու կարգը), 2012թ. սկսած Հայ ազգային կոնգրես խմբակցությունը նշանակել է տեղամասային հանձնաժողովի անդամներին՝ օրենքով սահմանված ընթացակարգով:
ՏԸՀ անդամներին նշանակելիս Հայ ազգային կոնգրես խմբակցությունը երբևէ չի առաջնորդվել քաղաքական նպատակահարմարության նկատառումներով, այլ միայն և միայն ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելու սկզբունքով:
Խմբակցության որևէ որոշում, այդ թվում՝ վերոհիշյալ հարցի կապակցությամբ, կարող է ընդունվել համաձայն խմբակցության Կանոնադրության՝ իրավազոր նիստում, խմբակցության անդամների կեսից ավելիի՝ առնվազն 4 ձայնով: Մինչդեռ խմբակցության որևէ անդամ նիստերի օրակարգում Ձեր մատնանշած հարցը չի բարձրացրել, ուստի և այն չէր կարող քննարկվել խմբակցության նիստում: Զարմանալի է, որ խմբակցության նիստին անձամբ ներկայանալու և հարց բարձրացնելու փոխարեն, պատգամավորը նամակ է ուղարկում, միաժամանակ իրեն իրավունք վերապահելով խոսելու խմբակցության այլ անդամների անունից, ինչը սկզբունքորեն անընդունելի է:
Հայ ազգային կոնգրես խմբակցությունը հավաստիացնում է, որ թիվ 25 ընտրատարածքում ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ տեղամասային հանձնաժողովները համալրելու այնպիսի անդամներով, ովքեր բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը և համարձակությունը:
Դրա վերջին վկայությունը 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներն են, երբ նույն այդ հանձնաժողովների անդամների դրսևորած սկզբունքայնության շնորհիվ Հրազդան քաղաքում «Այո»-ն պարտվել է 27 տեղամասերից 18-ում՝ հակառակ իշխանության կողմից կիրառված բոլոր տեսակի օրինախախտումների և բռնաճնշումների: Խմբակցությունը վստահեցնում է, որ նրա կողմից նշանակված հանձնաժողովի անդամները այս անգամ նույնպես խստորեն կհետևեն ապրիլի 17-ի ընտրությունների օրինականությանը և կկատարեն օրենքով իրենց վրա դրված պարտականությունները:
Ինչ վերաբերվում է Սասուն Միքայելյանի թեկնածությանը սատարելուն, ապա դա խմբակցության որոշելիքը չէ և այդ կապակցությամբ իրենց դիրքորոշումները իրավասու են հայտնելու միայն համապատասխան քաղաքական ուժերը»,- ասված է Կոնգրեսի պատասխանում: