«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը փոխանցմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները իրենց հետ հանդիպման ժամանակ չեն պնդել, թե քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները ենթակա չեն հրապարակման։
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները, ընդդիմանալով քաղաքացիական հասարակության և ընդդիմության պահանջին, հղում են անում նաև Վենետիկի հանձնաժողովի վերապահումներին։
«Ակնհայտ է, որ Վենետիկի հանձնաժողովը իր որոշումներն ընդունում է նաև հիմք ունենալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունները, որովհետև աշխարհում թիվ մեկ դիտորդական առաքելությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է և նա է պրոֆեսիոնալ գնահատականը տալիս: Շատ կարևոր էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին եզրակացության մեջ արդեն միանշանակ նշվեց քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակելու խնդիրը»,- ասաց Մարտիրոսյանը:
Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն այսօր խորհրդարանում փակ հանդիպումներ անցկացրեցին ԱԺ-ում ներկայացված ուժերի հետ։ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ եվրոպացիները հիմնականում լսողի դերում են եղել, բայց դա արել են խիստ հետաքրքրված․- «Մեր բերած փաստարկները, ըստ էության, հակաճառության չարժանացան»:
Չնայած Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրավունք չունի խոսել եվրոպացի փորձագետների արձագանքի մասին, այնուհանդերձ, նրա տպավորությամբ էլ՝ այսօրվա հանդիպումը ձևական չէր։ Հարցին՝ քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակման հարցում Վենետիկի հանձնաժողովը կարո՞ղ է փոխել տեսակետը, Զուրաբյանը պատասխանեց․- «Այստեղ շատ կարևոր է մեր հասարակության և քաղաքական ուժերի համախմբումը: Իրենց վրա ազդում է այն, որ դրա մասին խոսում են բոլորը: Ըստ էության, հիմա ում հետ հանդիպում են՝ հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, քաղաքական ուժեր, բոլորը խոսում են դրա մասին: Եթե բոլորը Հայաստանում պնդում են, որ պետք է այդ ցուցակները հրապարակվեն, ուրեմն իրենք էլ են հասկանում, որ այդտեղ ինչ-որ մի բան կա: Ես դժվարանում եմ ասել՝ կփոխեն իրենց տեսակետը, բայց այդ ուղղությամբ մենք ինչքան պնդենք, այնքան ավելի շատ բանի կհասնենք»:
Հայ ազգային կոնգրեսն իր չորս պահանջներին՝ հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունները, մաքրել ուռճացված ընտրացուցակները, բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառել մատների թանաքոտման կամ ստուգման հասանելի մեխանիզմ, ընտրության օրը տեսանկարահանել տեղամասերն ու հարող տարածքը, ավելացրել է հինգերորդը՝ բացառել տարածքներից թեկնածուների ընտրության հնարավորությունը։ Այս պահանջները ներկայացրել են նաև Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին:
Զուրաբյանի խոսքով՝ այդ պահանջների շուրջ կարծես թե նաև ընդդիմադիր ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են միավորվում։ «Հաշվի առնելով այն քնարկումները, որ ունեցանք քաղաքական դաշտի հետ, քաղաքացիական հասարակության հետ, կարծես ձևավորվում է միասնական պլատֆորմ։ Իհարկե, դա վերջնական չէ, որոշումը դեռ չկա, բայց նախագիծը կա»,- ասաց նա։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ևս ստորագրած ցուցակների հրապարակման հարցն է բարձրացրել․- «Ուղիղ տասն անգամ ես տվեցի հարցը Վենետիկի հանձնաժողովի հարգարժան փորձագետներին՝ պատասխանեք «այո» կամ «ոչ»՝ դուք կո՞ղմ եք ընտրացուցակների հրապարակմանը: Իմ հարցի պատասխանը ես չստացա: Անկեղծ ասած՝ իմ տպավորությամբ, իրենք առանձնապես ոգևորված չեն ընտրացուցակների հրապարակմամբ, որովհետև իրենք առաջարկեցին՝ «իսկ դուք կարո՞ղ եք առաջարկել որևէ այլ մեխանիզմ, որը կարող է փոխարինել ընտրացուցակների հրապարակմանը»: Ես վստահ եմ, որ իրենք չեն պնդի, որ ընտրացուցակները հրապարակվեն, իրենք կառաջարկեն գտնել միջանկյալ ինչ-որ մեխանիզմ, որպեսզի հնարավորություն լինի ինչ-որ կերպ ծանոթանալ ցուցակներին»:
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպումից հետո էլ իշխանությունն անզիջում է ցուցակները չհրապարակելու հարցում։ ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կարծում է՝ ցուցակների հրապարակումը «էական որևէ խնդիր չի լուծում»: Սահակյանի վստահեցմամբ՝ ցուցակների հրապարակման հարց հանդիպման ընթացքում Վենետիկի հանձնաժողովը չի էլ բարձրացրել։
«Ենթադրենք, ընտրական ցուցակները հրապարակվում են և փակցված են, և Հայաստանի տարբեր տարածքներում կան քաղաքացիներ, ովքեր իսկապես եկել են և մասնակցել են, գալիս, ասում են՝ չենք մասնակցել, մեր փոխարեն ստորագրվել է: Դրա հետ կապված մեր հետագա գործողությունները, որ ապացուցենք, վստահեցնենք, գրեթե անիրականանալի են»:
Ի դեպ, այսօր ԱԺ-ում էր նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ում կարծիքով՝ ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է։
«Դրա մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ունեցել է շատ հստակ դիրքորոշում, որը մեծապես համահունչ է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ նախկինում տված փորձագիտական եզրակացություններին, ոչ թե Հայաստանում, այլ առհասարակ ստորագրված ցուցակների հրապարակման խնդրին»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, թե տեղյակ չէ՝ այս հարցում ինչ դիրքորոշում ունի Հայաստանի նախագահը:
Հարցին՝ ի՞նչ բացասական հետևանք կարող է ունենալ քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, Սարգսյանը պատասխանեց․- «Դա կարող է ճնշումների դաշտ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում, որպեսզի հանրայնացվի իրենց քվեարկությանը մասնակցելու-չմասնակցելու փաստը»: