Մատչելիության հղումներ

Մարտիրոսյան. Ընդդիմադիր և հասարակական դաշտը որոշակիորեն պետք է համախմբվեն


«Ժառանգություն»-ը իշխանությունների հետ քննարկելու որևէ խնդիր չունի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ իրենք քննարկումներ են ունենում միջազգային գործընկերների հետ։

«Որովհետև պատմությունը ցույց տվեց այս վերջին ժամանակահատվածի, որ իշխանությունները բովանդակային որևէ առաջարկ այդպես էլ չընդունեցին, չեն ընդունում», - ասաց Մարտիրոսյանը։

Դիտարկմանը, թե իշխանություններն ասում են, որ կլսեն ընդդիմադիրների առաջարկները, «Ժառանգության» փոխնախագահն այսպես արձագանքեց. - «Ես գիտեմ, որ լսողության հետ կապված իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, այդտեղ որևէ խնդիր չկա, հասկանալու հետ կապված էլ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, ամբողջ խնդիրը ընդունելու մեջ է՝ կլսեն, կհասկանան, բայց չեն ընդունի։ Դրա համար մենք պայքարում ենք այն ճանապարհով, որ, առաջին հերթին, փորձենք մեր քաղաքացիների հետ ճնշում բանեցնելով այդ հարցը լուծել, նաև, այդ օրակարգը ունենալով, հանրահավաք ենք անցկացնելու, բացի դա էլ՝ երկրորդ ճանապարհը, կարծում եմ, միջազգային հանրության հետ ակտիվ աշխատանքն է, որը շատ ակտիվորեն «Ժառանգություն»-ը ևս իրականացնում է»։

Մարտիրոսյանի կարծիքով, ընդդիմադիր և հասարակական դաշտը որոշակիորեն պետք է համախմբվեն։

«Պետք է միասնական պայքարի մի քանի կետ ներկայացվի, և այդ միասնական կետերի շուրջ, հիմնական որոնք գոյություն ունեն, միջազգային գործընկերների հետ աշխատենք, միևնույն ժամանակ հասարակությանը նաև ներգրավենք այդ պայքարի մեջ և հանրահավաքներով, երթերով փորձենք իշխանություններին պարտադրել, որ այդ մի քանի կետը ընդունեն։ Ես կարծում եմ՝ այդ կետերի ընդունումը պետք է լինի համալիր, դա պետք է լինի մեկ փաթեթ, և այդ փաթեթն իր մեջ պետք է ներառի մի կարևորագույն խնդիր՝ ինքը պետք է ապահովի մեկ քաղաքացի, մեկ ձայն և արձանագրության մեջ արձանագրված այդպիսի քվե», - ընդգծեց «Ժառանգության» փոխնախագահը։

Մարտիրոսյանի համոզմամբ, եթե այդ մեխանիզմը կյանքի կոչվի, մի քանի անգամ կբարելավվի ընտրական գործընթացը։

«Հասկանալի է՝ կա հաշվարկի խնդիր, կա բողոքարկման խնդիր և այլն, բայց այդ խնդիրները, եթե մենք շատ ծավալվենք, մտավախություն ունեմ, որ իշխանությունը կարող է դա մանիպուլյացիաների առարկա դարձնել և ասի՝ «տեսեք, էս մի քանիսը ընդունեցինք», բայց այն գլխավորը, որը 500-700 հազար ձայն օդից բերում է իշխանությանը, այդ ուղղությամբ քայլեր չանեն», - ասաց ընդդիմադիր գործիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG