Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Հունաստան:
Մինչ բարձր մակարդակի բանակցությունները, Սերժ Սարգսյանը Աթենքում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքը։
Հունաստանի նախագահի նստավայրում ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Պրոկոպիս Պավլոպուլոսը առանձնազրույց են ունեցել, քննարկել են միջպետական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ` միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, փոխշահավետ մի շարք կարևոր ոլորտներում հայ-հունական գործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:
Նախագահներն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի, ներկայացրել դրանց շուրջ երկու երկրների մոտեցումները, խոսել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և դրանց զարգացման գործում բարեկամ Հունաստանի դերակատարության, Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում ստեղծված ճգնաժամի և դրա հետևանքով առաջացած մարդասիրական աղետի, փախստականների ճգնաժամի հետևանքների մասին:
Առանձնազրույցից հետո, ի պատիվ Սերժ Սարգսյանի՝ Պրոկոպիս Պավլոպուլոսի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով` անդրադառնալով բարձր մակարդակի հայ-հունական միջպետական հարաբերություններին, դրանց առավել սերտացման և փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության զարգացման ներուժին։
Ողջունելով ՀՀ նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը` Պավլոպուլոսն ընդգծել է, որ Սարգսյանի պաշտոնական այցը Հունաստան ևս մեկ անգամ ցույց է տալիս բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության բարձր մակարդակն ու բացառիկ կարևորությունը:
«Մենք չենք մոռանա 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Հպարտ ենք, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ օթևան տվեց տարագիր հայերին, նաև Հունաստանն առաջին երկրներից էր, որ ճանաչեց հայերի դեմ գործված ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից` Հայաստանի խորհրդարանը ճանաչեց պոնտոսցիների դեմ գործված ցեղասպանությունը: Պետք է հիշենք, պարո՛ն նախագահ, որ պատմական հիշողությունը կարևոր է մարդկության հավաքական գիտակցության համար, կարևոր է նաև մարդկության ապագայի տեսանկյունից: Հատկապես ներկայիս ճգնաժամային պայմաններում, երբ սև, մութ ամպեր են հավաքվել համաշխարհային հորիզոնում, պետք է հիշենք անցյալը, ոչ թե որպես ատելություն սերմանելու միջոց, այլ որպեսզի կարողանանք ապագայում խուսափել նման ողբերգություններից»,- ասել է Հունաստանի նախագահը։
Նախագահ Պավլոպուլոսը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումը, նշելով, որ Հունաստանն իր արտաքին քաղաքականության մեջ հետապնդում է միջազգայնորեն ընդունված օրենքների և նորմերի հիման վրա բոլոր հարցերի խաղաղ կարգավորման սկզբունքը և, անշուշտ, նույն տեսակետին է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը այդ հիմնախնդրի լուծման ամենահարմար հարթակն է: Հունաստանի նախագահի խոսքով, իր երկիրը կարևորում է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից:
Հունաստան պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր նաև հարցազրույց է տվել Հունաստանի հանրային հեռուստաընկերությանը:
Ավելի ուշ նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում ներկա կգտնվի «Հայաստան.Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, իսկ երեկոյան հանդիպում կունենա Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ: