Մատչելիության հղումներ

Մարուքյան․ Վենետիկի հանձնաժողովը սկզբունքորեն դեմ չէ քվեարկած անձանց ցուցակների հրապարակմանը


Վենետիկի հանձնաժողովը սկզբունքորեն դեմ չէ քվեարկած անձանց ցուցակների հրապարակմանը։ Այս մասին այսօր պատգամավորներ Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ դռնփակ քննարկմանը հայտարարել են հանձնաժողովի փորձագետները։

«Նման բան՝ որ նրանք ասեն ընտրացուցակներին մենք դեմ ենք, դա չպիտի հրապարակվի՝ նման բան չկա, չի եղել», - հայտարարեց Մարուքյանը, - «Ես նաև նրանց տեղեկացրեցի, որ Վենետիկի հանձնաժողովի ու ընդհանրապես եվրոպական կառույցների անունը Հայաստանում շատ է շահարկվում»:

Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ - «Իրենք ասացին, որ՝ դա մեզ համար խնդրահարույց է, բայց Վենետիկի հանձնաժողովի տեսակետներին ծանոթանալու համար խնդրում ենք՝ կարդացեք մեր հրապարակումները: Իրենք ուղիղ չանդրադարձան, բայց այդ մասին էլ ասվեց»:

Ընդդիմադիրներն ու քաղհասարակության ներկայացուցիչները արդեն մեկ տասնամյակ է՝ պահանջում են ընտրություններից հետո հրապարակել ստորագրված մատյանները, սակայն նոր Ընտրական օրենսգրքի հեղինակները նախագծում կրկին ամրագրել են՝ քվեարկած անձանց ցուցակները հրապարակելը, տեսանկարահանելը կամ որևէ եղանակով արտատպելն արգելվում է։ Իշխանություններն այս արգելքը հիմնավորելու համար պարբերաբար Վենետիկի հանձնաժողովին էին վկայակոչում։

«Էդ մասին մենք ասացինք, որ այսպիսի պնդում կա, և կա նաև այսպիսի պնդում, թե՝ կա Սահմանադրական դատարանի որոշում, որն ասում է, որ չի կարելի հրապարակել այդ ցուցակները, բայց մենք հիմա ուրիշ Սահմանադրություն ունենք, Սահմանադրական դատարանի որոշումը չի կարող այդպես մեկնաբանվել, փոխվել է Սահմանադրությունը շատ մեծ մասով», - ասաց Փաշինյանը:

Հանձնաժողովականների հետ հանդիպմանը պատգամավորները խոսել են նաև վիճահարույց այլ կետերի մասին: Նիկոլ Փաշինյանի համար, մասնավորապես, նոր Ընտրական օրենսգրքի նախագծում ամենամտահոգիչ դրույթը ազգային փոքրամասնություններին է վերաբերում։ Ըստ առաջարկվող նախագծի 4 ազգային փոքրամասնությունների առնվազն երկուական ներկայացուցիչներ պետք է ընդգրկված լինեն կուսակցության համամասնական ցուցակում։

«Այսինքն, օրինակ որևէ ուժ ասում է, որ Ռուսաստանը ապօրինի անեքսիայի է ենթարկել Ղրիմը, և այդ դիրքորոշումը այնքան դուր չգա ռուսական համայնքին, որ նրանք որոշեն, որ չպիտի լինեն համամասնական ցուցակում այդ կուսակցության: Նշանակում է՝ այդ կուսակցությունը դուրս մնաց ընտրապայքարից: Կամ այդ երկու հոգին մինչև առաջադրման ժամկետը ինքնաբացարկ հայտնեցին վերջին օրը և անգամ մի հոգու ինքնաբացարկով ամբողջ կուսակցությունը դուրս մնա», - մանրամասնեց պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG