Հայաստանում գրանցված ավիաընկերությունը կասկածվում է ՄԱԿ-ի էմբարգոն խախտելով Լիբիա զենք մատակարարելու մեջ:
ՄԱԿ-ի զեկույցում նշված է, որ ուսումնասիրվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում գրանցված Veteran Avia ընկերության կողմից իրականացված չվերթը: Կասկածվում է, որ այս ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրություններից երրորդ երկրի՝ Հորդանանի վրայով զենք ու զինամթերք է մատակարարել Լիբիայի Տոբրուկի ռեժիմին:
Հայաստանում գրանցված այս ընկերության կառավարումը իրականացվում է Էմիրությունների Շարժա քաղաքից:
Veteran Avia-ն հասանելի չի եղել մեկնաբանություններ, պարզաբանումներ ստանալու համար, սակայն Հայաստանի կառավարության պաշտոնյաները ՄԱԿ-ի ուսումնասիրողներին ասել են, թե ավիաընկերությունը հաստատում է, որ Միացյալ Արաբական Էմիրություններից Հորդանանի վրայով բեռնափոխադրում է իրականացրել Լիբիա, սակայն նրանք պնդել են, որ դա մարդասիրական օգնություն էր:
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ այս մանրամասները հայտնել է իրավիճակին ծանոթ ՄԱԿ-ի պաշտոնյան:
Պարբերականը նշում է, որ ՄԱԿ-ի զեկույցը հունվարին ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և շուտով հրապարակային է դառնալու: Զեկույցն արձանագրում է, որ շատ երկրներ, անհատներ և ընկերություններ խախտել են Լիբիային զենք մատակարարելու արգելքը: Անվտանգության խորհուրդը հիմա ուսումնասիրում է զեկույցի փաստերն ու ապացույցները՝ որոշելու համար, թե ինչ գործողությունների դիմի էմբարգոն խախտած երկրների կամ անհատների դեմ:
Լիբիայում երկար ժամանակ շարունակվում է քաղաքացիական պատերազմը: Դեռ 2011 թվականից՝ «արաբական գարնան» ժամանակներից, ՄԱԿ-ը արգելել էր զենքի և զինամթերքի մատակարարումը Լիբիա: Բռնակալ Քադաֆիի տապալումից հետո քաղաքացիական մի նոր պայքար է սկսվել: 2014 թվականից իշխանության երկու թևերն ու նրանց աջակցող զինված խմբերը պայքարում են՝ վերահսկելու համար նավթով հարուստ երկիրը: Մայրաքաղաք Տրիպոլիի և հակառակ կողմի՝ Տոբրուկի իշխանություններից յուրաքանչյուրը աջակիցներ և դաշնակիցներ ունի դրսում, որոնք հնարավոր է զենք-զինամթերք են ուղարկում նրանց:
ՄԱԿ-ի զեկույցը հիմնականում ուսումնասիրել է 2014-2015 թվականների ընթացքում էմբարգոյի խախտումների դեպքերը: Մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, Եգիպտոսից, որոշ դեպքերում՝ երրորդ երկրների միջոցով: Ոսումնասիրվել են դեպքեր, երբ մատակարարողները համարվում են պետությանը մոտ կանգնած ընկերություններ, մասնավորապես՝ Ուկրաինայից: Զեկույցը փաստում է, որ շարունակվում է Լիբիայի տարբեր կողմերին զենք-զինամթերքի մատակարարումը, և այս գործում ներգրավված են ՄԱԿ-ի անդամ երկրներ, ինչպես նաև միջնորդ ընկերությունների բարդ ցանց է գործում, որոնք չեն վարանում խախտել ՄԱԿ-ի էմբարգոն:
Վերադառնալով հայկական հետքին՝ նշենք, որ Veteran Avia բեռափոխադրող ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին, գրանցման հասցեն է՝ Երևան, Բաղրամյան պողոտա 64:
2014 թվականին Veteran Avia-ն արդեն հայտնվել էր ԱՄՆ-ի այսպես ասած «սև ցուցակում»: Մերձավոր Արևելքում և Բալկաններում գործող մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ Veteran Avia-ն, մեղադրվում էին Սիրիայի ռեժիմին աջակցելու մեջ, որոնք, ըստ ԱՄՆ-ի կառավարության փաստաթղթի, գործում էին «Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին հակառակ»: