Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր բոլոր ուժերին հրավիրել է համագործակցության


«ՀԱԿ-ի հետ արդեն աշխատում ենք», - ասում է նախկին վարչապետը։

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր բոլոր ուժերին, այդ թվում՝ «Ազատ դեմոկրատներ», Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», հրավիրել է համագործակցության։

Բագրատյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտնեց, որ արդեն մի քանի կուսակցությունների հետ ունեն նախնական համաձայնություն, մի քանիսի հետ «խոսակցությունները շարունակվում են»։ «Վերջնական արդյունքի մասին, կարծում եմ, հնարավոր կլինի խոսել, այդպես էլ պլանավորված է՝ հունիսի վերջ, ծայրահեղ դեպքում՝ հուլիսի սկիզբ», - ասաց նա։

Նախկին վարչապետը նշեց, որ ՀԱԿ-ի հետ արդեն աշխատում են։ «ՀԱԿ-ի հետ մենք ուզում ենք աշխատել, այն հանրապետությունում ամենակայացած ուժերից է, և բացի այն, որ մեծաթիվ քաղաքական ուժ է, հարում է, ընդհանուր առմամբ, լիբերալ հայացքների, բացի դա, իր մեջ լուրջ պոտենցիալ է պարունակում, այնպես որ՝ մենք դա հաշվի ենք առնում և Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ այս պահին աշխատում ենք։ Տեսնենք ինչ կստացվի», - ասաց Բագրատյանը։

Հարցին, թե պատրաստվում են սերտորե՞ն համագործակցել ՀԱԿ-ի հետ, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Այո, բայց մի շտկում. այնպես չստացվի, որ ես ուզում եմ համախմբել, ես ինչ-որ առաջնորդ եմ, մարդիկ ինձ սխալ կհասկանան։ Ես ընդամենը խրախուսել եմ դա, ես ասել եմ, որ բոլորս հավասար ենք, ասել եմ՝ «տղե՛րք, բոլորս պետք է վերցնենք իշխանությունը, չի զարգանում երկիրը, սա ակնհայտ է»։ Երկրորդը՝ մեզ և՛ վարչապետ է պետք, և՛ Ազգային ժողովի նախագահ է պետք, և՛ նախագահ է պետք, հասկանում ե՞ք, չգիտեմ, պաշտպանության նախարար է պետք։ Քանի որ փոխվել է Սահմանադրությունը, առաջին դեմքի խնդիր չկա, շատ հեշտ է հիմա համագործակցել»։

Նա նշեց, որ թեև կառավարման մոդելը նախագահականից փոխվել է խորհրդարանականի, սակայն այսօրվա նախագահն էլ «ավելի ընդգծված ուզում է իրեն առաջնորդ ցույց տալ»։ «Այ հենց դա է, որ, օրինակ, իշխող Հանրապետականը՝ մեծամասնությունը, Դաշնակցությունը՝ նրանք առաջնորդների կոնցեպտի գերին են», - ասաց նախկին վարչապետը։

Հարցին, թե հակասություններ դեռ կա՞ն ՀԱԿ-ի մի շարք անդամների և իր միջև, Բագրատյանը պատասխանեց. - «Դա եղել, անցել գնացել է, հաշվի չեմ առնում, ես չեմ կարող անձնական ինչ-որ մի բան վերցնել։ ՀԱԿ-ի հետ չեն եղել քաղաքական հակասություններ, եղել են անձնական, բայց ես չեմ պատրաստվում դա հիշատակել։ Երբ որ ուզում ես մի բան միավորել, հասնել միասնության, պետք է մտածես մի բանի մասին, որը միավորում է, այլ ոչ թե բաժանում»։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 13-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG