«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի նախկին խոսնակ Վահան Բաբայանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:
«Ես չեմ կիսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գիծը այս պահին, և ճիշտ կլինի, որ ես կողմ քաշվեմ», - ասում է Բաբայանը, ով վերջին չորս տարում ԲՀԿ խմբակցության պատգամավոր էր:
«Բարգավաճ Հայաստանի» նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ Վահան Բաբայանի դիմումը կբավարարվի: Կողմերը չեն թաքցնում՝ տարաձայնությունների հիմնական պատճառը սահմանադրական փոփոխություններից հետո իշխանության հետ համագործակցել-չհամագործակցելու հարցն էր: ԲՀԿ-ն որոշեց մնալ ընդդիմություն, հենց այդ ժամանակ Բաբայանը թողեց կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնը:
«Միգուցե կյանքը ցույց կտա, որ ճիշտ էր Վահան Բաբայանի մոտեցումը: Մեզ կոալիցիայի առաջարկ չի եղել, բայց մոտեցումը, որ պետք էր գնալ և առաջարկել, որ մենք կազմենք կոալիցիա: Իմ մոտեցումը տրամագծորեն հակառակ մոտեցում է», - ասաց Զոհրաբյանը:
Վերջին 15 տարիներին Բաբայանը հասցրել է անդամագրվել ու լքել չորս կուսակցություն: Եղել է «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թևի ղեկավարը, Հայաստանի երիտասարդական կուսակցության փոխնախագահն ու նախագահը, անդամագրվել է ՄԻԱԿ-ին, ապա՝ համալրել ԲՀԿ շարքերը։ 2012-ին պատգամավոր է դարձել հենց Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժի համամասնական ցուցակով։ Ասում է՝ վատ չի զգում, որ այդքան կուսակցություն է փոխել․ - «Ես չեմ կարծում, որ մենք երդում ենք ուտում, որ պետք է ամբողջ կյանքում լինենք նույն կուսակցությունից: Դա էլ կատեգորիա չէ»:
Բաբայանը վստահեցնում էր՝ որևէ կուսակցության, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ին անդամակցելու ծրագրեր այս պահին չունի, բայց՝ «ինքնամոռաց քննադատությունների փոխարեն ուզում է գործով զբաղվել»: Այդ առումով, Yerkir.am-ի հետ զրույցում շատ էր կարևորել Սերժ Սարգսյանի` 2016 թվականի փետրվարի 12-ի ելույթը. - «Այնտեղ շատ մտքեր են հնչել, որոնք բերելու են նոր փոփոխությունների մեր երկրում: Ես կարծում եմ, որ քաղաքական նոր դարաշրջան է սկսվում Հայաստանում և միայն պատերի տակ խոսելով չէ, որ հարց է լուծվելու: Իմ մանկության երազանքը չի եղել պաշտոններ զբաղեցնելը: Ես փորձում եմ իմ երկրին օգտավետ գործունեությամբ զբաղվել»:
Իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց՝ Բաբայանի հետ նրա քաղաքական ճակատագիրը չեն քննարկել․ - «Մենք մեր շարքերը համալրելու կարիք չունենք այլ կուսակցություններից մարդիկ բերելով»:
Նաիրա Զոհրաբյանը համոզված է՝ Բաբայանի որոշմանն իշխանության մատը խառը չէ․ - «Ես վստահ եմ, որ Վահան Բաբայանը իր հայտարարության, իր մոտիվացիաների մեջ անկեղծ է: Նա իսկապես իրեն չի տեսնում ընդդիմադիրի կարգավիճակում»:
ԲՀԿ ղեկավարն ասաց՝ իրեն հայտնի չէ, որ կուսակցությունն էլի լքել ցանկացողներ կան։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը ևս կողմ է ՀՀԿ-ի հետ համագործակցությանը: Մելքումյանն «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց՝ ԲՀԿ-ից դուրս չի գալու:
«Կուսակցությունը քաղաքական համախոհների թիմ պիտի լինի: Առջևում մեզ իսկապես լուրջ փորձություն է սպասվում՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են, և կուսակցությունը չի կարող ընտրություններին գնալ՝ իր ներսում ունենալով կուսակցության քաղաքական կուրսի վերաբերյալ տարբեր տեսակետներ: Կրկնում եմ՝ ովքեր համաձայն չեն կուսակցության քաղաքական կուրսի հետ, նրանք պետք է կա՛մ իրենք հեռանան, կա՛մ մենք իրենց կօտարենք կուսակցությունից», - այս առնչությամբ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Վահան Բաբայանն, ի դեպ, դուրս չի գա ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունից։ Լինելով համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր՝ այդ դեպքում նա ստիպված կլիներ վայր դնել պատգամավորական մանդատը։