Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Էրզրում նահանգի Աշքալե շրջանի քաղաքապետ Էնվեր Բաշարանի դեմ՝ հայերին վիրավորելու համար:
«Ակօս» պարբերականի հաղորդմամբ, կազմակերպության ստամբուլյան գրասենյակի Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը նախօրեին հայտարարություն է հնչեցրել Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատի դիմաց:
«Հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել, բռնագրավվել է նրանց նյութական հարստությունը: Հայերի և մյուս քրիստոնյաների մշակութային ժառանգությունը համակարգված կերպով ոչնչացվել է: Այս ամենը պատմության մեջ մտել է և կշարունակի մտնել որպես մարդկության դեմ հանցագործություն: Թուրքական պետության ամենաբարձր մակարդակում անգամ շարունակվում է խտրականությունն ու դրա խրախուսումը», - հայտարարել են իրավապաշտպանները:
Վերջիններս դատապարտել են թուրք պաշտոնյաներին` նշելով, որ նրանց հայտարարությունները խտրականություն և թշնամություն են քարոզում:
Դավութօղլուն փետրվարի 27-ին Բինգյոլում ունեցած ելույթի ժամանակ, քննադատելով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, հայտարարել էր, թե քրդերը, ինչպես ժամանակին «հայ ավազակախմբերը», համագործակցում են ռուսների հետ:
Դավութօղլուի ելույթից օրեր անց Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանը շրջանի, այսպես կոչված, ազատագրմանը նվիրված միջոցառման ժամանակ երախտագիտություն էր հայտնել «փառապանծ նախնիներին՝ հայերին այս հողերից արմատախիլ անելու համար»:
Դավութօղլուի հայտարարությունը դատապարտող ելույթով անցած շաբաթ թուրքական Մեջլիսում հանդես էր եկել Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: «Ցավում եմ, որ երկրի վարչապետը կարող է նման բան ասել: Այսօր և՛ թուրքերը, և՛ քրդերը անդամակցում են «Իսլամական պետության»-ը: Եթե թուրք «ավազակախմբեր» ասեմ, արդյո՞ք դա խտրականություն չի լինի, ինչպե՞ս կարել է: Պարոն վարչապետն էլ բացահայտ խտրականություն է դրսևորել», - հայտարարել էր Փայլանը` հարուցելով իշխող կուսակցության և ազգայնական պատգամավորների դժգոհությունը: