Մատչելիության հղումներ

ԸՕ նախագիծը խորհրդարանում հավանաբար «շրջանառության մեջ կդրվի վաղը»


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, առաջիկա քառօրյայում նախագիծը դժվար էլ դառնա օրակարգային հարց։

Կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած Ընտրական օրենսգրքի նախագիծը խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, շրջանառության մեջ կդրվի վաղը, «Ազատության»-ը փոխանցեցին Ազգային ժողովի քարտուղարությունից։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ առաջիկա երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայի ընթացքում նախագիծը դժվար էլ դառնա օրակարգային հարց։

Ըստ Բաղդասարյանի, նախ կլինեն տարբեր ձևաչափերով քննարկումներ։ «Քառօրյայից հետո նախատեսվում է քննարկումներ քաղաքական ուժերի հետ, որից հետո, ամենայն հավանականությամբ, 22-23-ի կողմերը կլինեն մեծ լսումները, և հիմնականում մեր մտադրությունը նա է, որ այս լսումների, քննարկումների արդյունքում կարողանանք այդ բոլոր կնճռոտ հարցերի պատասխանները տալ, որոնք կնճռոտ են ընդդիմադիրների համար, և պետք է մենք կարողանանք ունենալ այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը լինի անխոցելի», - ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը։

Իշխանության պնդմամբ, կառավարության մշակած ԸՕ-ի նախագիծը վերջնական չէ։ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ իշխանությունն ունի քաղաքական կամք, որպեսզի լսի թե՛ ընդդիմության, թե՛ քաղաքացիական հասարակության «չափավոր» առաջարկները։

Իշխանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իրենց համար ընդունելիների անունը դնում է «իրատեսական» առաջարկներ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի կարծիքով, իշխանությունը լրատվամիջոցներին, դիտորդներին, վստահված անձանց միտումնավոր զրկել է մի շարք իրավունքներից, որպեսզի հետո նրանց իսկ առաջարկով վերականգնի դրանք։

«Իշխանությունը հիմա փորձում է քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցների խմբագիրներին, ընդդիմությանը ստիպի, որպեսզի բոլորը սկսեն պահանջել՝ հետ բերել այն իրավունքները, որոնք կային նախորդ Ընտրական օրենսգրքում, և հետո տեղի տա մեր պահանջներին, կամ մասամբ տեղի տա, ստիպի, որ մենք մոռանանք այն կարևոր պահանջները, ինչպիսին են տեսախցիկները տեղամասում, կրկնաքվեարկությունների բացառման մեխանիզմները, քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումը և այլն, այն կարևորագույն կետերը, որոնք իրապես հնարավորություն կտան կանխել ընտրակեղծիքների զգալի մասը», - ասաց Իոաննիսյանը։

Կրկնաքվեարկությունը բացառող ընդդիմության առաջարկներից մեկը՝ քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը, նախագծով արգելվեց։ Ձևակերպման վերանայման մասին հարցին իշխանությունն այսպես է արձագանքում. - «Մենք պետք է կարողանանք այլ գործիքներ առաջարկենք, որպեսզի մարդիկ համոզվեն, ես չեմ ասում՝ բոլորը համոզվեն, որովհետև մարդիկ կան, նորից եմ կրկնում, նրանք ինչ ուզում ես արա՝ չեն համաձայնվելու, որպեսզի կարողանան համոզվել՝ հանրությունը համոզվի, մասնագետները, միջազգային կառույցները համոզվեն, որ սա իրոք այն գործիքն է, որը բացառում է այն մտավախությունները, որոնք կան մեր ընդդիմադիր գործընկերների մոտ»։

Ճշտող հարցին, թե ցուցակների հրապարակման ճանապարհով չե՞ն գնա, Բաղդասարյանը պատասխանեց. - «Փաստորեն, ցուցակների հրապարակման հետ կապված բավականին քննարկումներ են եղել, և այդ քննարկումներն անպայման պետք է շարունակվեն, այդտեղ մենք բացեր ենք տեսնում, որ այդ բացերը անթույլատրելի են»։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնեց կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ իշխանությանը միասնական պահանջներ ներկայացնելու գործընթաց:

Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով, քաղաքական ուժերի հետ այդ հարցով բանակցությունները դեռ շարունակում են, հասարակական կազմակերպությունների հետ համաձայնություն արդեն իսկ կա՝ մի քանի առանցքային պահանջներով հանդես գալու շուրջ։

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ, ներկայացնելով իր դիտարկումները Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ անհրաժեշտ է հասարակական ու քաղաքական լայն համախմբում` Ընտրական օրենսգիրքը բոլորի համար ընդունելի դարձնելու և ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին մոտեցնելու համար և ներկայացրել վեց առաջարկ:

Օսկանյանը կոչ է արել՝ «մեկտեղել քաղաքական, քաղաքացիական, մասնագիտական և շահագրգիռ այլ շրջանակների ջանքերը՝ նոր Ընտրական օրենսգրքի բարելավման և հանրայնորեն ընդունելի փաստաթուղթ ստանալու նպատակով»:

«Միջազգային շրջանակներին ևս առաջարկում եմ իրենց նպաստը բերել և՛ որակյալ փաստաթուղթ ստանալու, և՛ բուն ընտրական գործընթացը հանրության համար լեգիտիմ դարձնելու նպատակով: Ինչ վերաբերում է իմ և իմ համախոհների քաղաքական վարքագծին, ապա մենք ակտիվորեն ներգրավվելու ենք ինչպես օրենսդրական քննարկումներում, այնպես էլ բուն ընտրական գործընթացներում` որպես հիմք ընդունելով հասարակական-քաղաքական լայն համախմբման միջոցով երկրում դրական փոփոխությունների հասնելու սկզբունքը», - գրել է Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG