Մատչելիության հղումներ

Առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և Ֆրանսիայի միջև «դեռևս գոհացուցիչ չեն»


Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։

Հայաստանում գործող 140-ից ավելի ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունները շատ մեծ ավանդ են ներդնում Հայաստանի տնտեսական զարգացման գործում, այսօր ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ հրավիրած խորհրդակցության ժամանակ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցությանը շեշտը դրվել է տնտեսական կապերի ներկայիս վիճակի, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունների, նոր ուղղությունների և հեռանկարների վրա:

Խորհրդակցությանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանի նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

«Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի զարգացման գործակալությունն սկսեց ակտիվորեն աշխատել Հայաստանում: Ընդամենը մեկ օրինակ հիշատակենք՝ Վեդիի ջրամբարի կառուցումը: Բոլորին հայտնի է, որ դեռևս 60-70-ական թվականներից Արարատյան դաշտավայրի բնակչության մի զգալի հատվածը երազում էր այդ ջրամբարի կառուցման մասին: Այս տարվա սկզբին ստորագրված համաձայնագիրը վստահություն է ներշնչում, որ 3-4 տարիների ընթացքում մենք կկառուցենք ջրամբարը, որն իր դրական ազդեցությունը կունենա Արարատյան դաշտավայրի զարգացման և առաջին հերթին՝ գյուղատնտեսության զարգացման գործում», - ասել է Սերժ Սարգսյանը։

Նա կարևորել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում իր գործունեությունն է սկսել «Բիզնես Ֆրանս» գործակալությունը:

«Պետք է նշել, որ այս գործակալությունների և ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունների գործունեությունը կարևորվում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև այն տեսակետից, որ եվրոպական բիզնես մշակույթ է ներմուծվում Հայաստան», - ասել է նախագահը։

Սերժ Սարգսյանը, սակայն, նշել է, որ առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և Ֆրանսիայի միջև դեռևս գոհացուցիչ չեն: «Կարծում եմ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեությանը նոր շունչ պետք է հաղորդենք, այն պետք է ակտիվորեն աշխատի ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև աշխարհով մեկ: Մենք վաղուց ենք խոսում, որ դեսպանատներում անպայման պետք է լինի աշխատանքային պլան, պետք է լինի տնտեսական ծրագիր: Այսօր արդեն կնշանակվի արտաքին գործերի փոխնախարարը, ով պետք է համակարգի մեր արտաքին տնտեսական հարաբերությունները, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները և ընդհանրապես, պետք է զբաղվի զուտ արտաքին տնտեսական հարաբերություններով», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին ուսումնասիրել Հայաստանում գործունեություն ծավալող ֆրանսիական կապիտալով ընկերությունների խնդիրները, առաջիկա ծրագրերը և հնարավորության սահմաններում օժանդակել նրանց՝ շեշտելով, որ յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում և ֆրանսիական ներդրողների հետ հարկավոր է տանել հասցեական աշխատանք և հարկ եղած դեպքում տրամադրել անհրաժեշտ օգնություն:

«Հայ-ֆրանսիական տնտեսական կապերը որոշ չափով զիջում են քաղաքական հարաբերություններին», - իր հերթին ասել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը՝ նշելով, որ տնտեսական կապերն աշխուժացան՝ գագաթնակետին հասնելով 2007-2008 թվականներին։ «Հայաստանում սկսեցին գործել ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունքում, արդեն 2011-2012 թվականներին Ֆրանսիան դարձավ Հայաստանի երկրորդ գործընկերը արտաքին ներդրումների ծավալով», - նշել է Չիտչյանը։

Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

Այսօր ավելի ուշ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը Ռոբերտ Հարությունյանին արտգործնախարարի տեղակալ նշանակելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG