«Ժառանգություն» կուսակցությունն այսօր ներկայացրել է նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր դիտարկումները։
Նկատի ունենալով մինչև այժմ տեղի ունեցած տարբեր ընտրությունների, մասնավորապես 2013 թվականի նախագահական ընտրությունների ու 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի «կեղծումները», «Ժառանգություն»-ը կարևորել է «մեկ քաղաքացի-մեկ քվե» սկզբունքի պարտադիր կիրառումը:
«Վերջին 15 տարիների ընթացքում իշխանությունների վարած ապիկար և կեղեքիչ քաղաքականության հետևանքով Հայաստանից արտագաղթել են մեկ միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնց փոխարեն, ընտրակեղծարարության մի հրեշավոր համակարգի կիրառմամբ, քվեարկում են իշխանությունների հանցակիցները՝ նրանց օգտին ապահովելով հավելյալ 500.000–600.000 անօրինական քվե», - ասված է կուսակցության վարչության հողարդագրությունում:
«Հաշվի առնելով վերոշարադրյալը, «Ժառանգություն» կուսակցությունն օրախնդիր է համարում այնպիսի ընտրական օրենսգրքի ընդունումը, որը կապահովի հետևյալ սկզբունքները. քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում, քվեարկությունից մեկ ամիս առաջ Հայաստանից բացակայող քաղաքացիների առանձին ցուցակի հրապարակում, մատնահետքով էլեկտրոնային գրանցում, քվեասենյակի և ընտրատեղամասի առցանց տեսանկարահանում, համամասնական պարզ, առանց վարկանիշային քվեարկության ընտրակարգի ներդրում, բողոքարկումների և վերահաշվարկի ժամկետների երկարացում, թեկնածուի կամ թեկնածու կուսակցության լիազոր ներկայացուցչի կողմից ցանկացած նշված տեղամասի բողոքարկման հնարավորության մեխանիզմի կենսակոչում, ընտրություններում ձայների 3 տոկոսը հաղթահարած կուսակցությունների նախընտրական ծախսերի մասնակի փոխհատուցում՝ պետական ֆինանսավորմամբ», - ասված է հաղորդագրությունում։