Եվրահանձնաժողովը հինգշաբթի օրը հաստատել է Տրանս-Ադրատիկ գազատարի (TAP) կառուցման ծրագիրը, որը նախատեսում է 2020 թվականից տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազի մատակարարում եվրոպական երկրներին:
Եվրահանձնաժողովը գտնում է, որ Տրանս-Ադրիատիկ գազատարի կառուցման համար Հունաստանի և Trans Adriatic Pipeline AG շվեյցարական ընկերության միջև կնքված համաձայնագիրը համապատասխանում է Եվրամիության օրենսդրությանը, բարելավում է Եվրամիության էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացումը:
Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ գազատարի շինարարության աշխատանքները ֆինանսավորվելու են բացառապես մասնավոր ներդրումներով, նախատեսված է հարկային հատուկ ռեժիմ, որպեսզի երկրների, մասնավորապես՝ Հունաստանի հարկային քաղաքականության հնարավոր փոփոխությունները, մեծ տատանումները բացասական ազդեցություն չունենան ծրագրի իրականացման վրա: Փաստաթղթում նաև նշված է, որ գազամատակարարման նոր ճանապարհը էապես կմեծացնի մրցունակությունը գազի շուկայում:
Տրանս-Ադրիատիկ գազատարը կապահովի Իտալիայի գազի սպառման 17 տոկոսը, ինչպես նաև կկրճատի Եվրոպայի հարավային երկրների կախվածությունը ներկայիս մատակարարողներից:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը, ով համակարգում է Եվրամիության էներգետիկ քաղաքականությունը, ասել է, որ Տրանս-Ադրիատիկ գազատարի ծրագրին հավանություն տալը կարևոր քայլ է գազամատակարարման «Հարավային միջանցք»-ի իրականացման ճանապարհին, որը նա գնահատել է որպես առանցքային ծրագիր Եվրամիության էներգետիկ անվտանգությունը ապահովելու համար:
Տրանս-Ադրիատիկ գազամուղը շարունակությունն է Տրանս-Անատոլիական գազատարի, որը Ադրբեջանից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով հասել է Հունաստանի սահմանին: Նոր գազատարը Հունաստանի հյուսիսով, Ալբանիայով, Ադրիատիկ ծովի հատակով հասնելու է Իտալիա: Այս ամբողջ ուղին՝ Ադրբեջանից Իտալիա, կոչվում է «Հարավային միջանցք»: Այս ճանապարհի վրա գտնվող երկրների ու եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները անցած երկուշաբթի օրը Բաքվում մասնակցեցին «Հարավային միջանցք»-ի խորհրդատվական մարմնի հերթական նիստին:
Հինգ տարվա ընթացքում նախատեսվում է 5 միլիարդ 600 միլիոն եվրոյի ներդրում: Հունաստանը ակնկալում է, որ այդ գումարից առնվազն 2 միլիարդ 300 միլիոն եվրոն կներդրվի իր տնտեսությունում:
Այսօրվա դրությամբ, եվրոպական երկրներին գազի խոշոր մատակարարողներից է ռուսական «Գազպրոմ»-ը: 2015-ի ամփոփիչ տվյալներով՝ Գերմանիան «Գազպրոմ»-ից գնել է ավելի քան 45 միլիարդ խորանարդ մետր, Թուրքիան՝ 27 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ երրորդ խոշոր գնորդը Իտալիան է՝ ավելի քան 24 միլիարդ խորանարդ մետր գազ:
«Գազպրոմ»-ը վերջին տարիներին ձգտում է զարգացել, ավելացնել եվրոպական ուղղությամբ մատակարարումները, բայց Սև ծովի հատակով «Հարավային հոսք» կոչված ծրագիրը, այնուհետև «Թուրքական հոսք»-ի իրականացումը սառեցվեց, համենայն դեպս՝ բանակցային առաջընթաց չկա:
Եվրահանձնաժողովը առաջ է մղում ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու ծրագիրը:
Տրանս-Ադրիատիկ գազատարի կառուցումը իրականացնում է Trans Adriatic Pipeline AG ընկերությունը, որի բաժնետերերն են՝ British Petroleum-ը (20 տոկոս), ադրբեջանական SOCAR-ը (20 տոկոս), իտալական Snam-ը (20 տոկոս), բելգիական Fluxys-ը (19 տոկոս), իսպանական Enagas-ը (16 տոկոս) և շվեյցարական Axpo-ն (5 տոկոս):