Մատչելիության հղումներ

Քարագլուխ գյուղում «տոննաներով խնձորը փտում է»


Քարագլուխ գյուղում գյուղացիների մառաններում կուտակված մեծ քանակությամբ խնձոր է փչանում
Քարագլուխ գյուղում գյուղացիների մառաններում կուտակված մեծ քանակությամբ խնձոր է փչանում

Խնձորի և ընկույզի իրացման հույսով ապրող գյուղացիները հուսահատության մեջ են՝ բերքը վաճառելու հնարավորություն չունեն, կառավարությունից էլ միայն պարարտանյութ են ստացել, այն էլ ոչ բոլորին է բաժին հասել:

Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղում արդեն երկար ժամանակ է, ինչ հարսանիք չի եղել։ Գյուղացիների խոսքով, երիտասարդները չեն ամուսնանում, քանի որ միջոցներ չունեն ու «դատարկ գրպանով շրջում են փողոցներում»։ 90-ամյա Ապեր Դանոյանը պատմում է՝ տեղի տղամարդիկ ամեն օր հավաքվում են գյուղամիջում և անգործությունից թուղթ խաղում կամ օղի խմում։

«Երիտասարդ ա, պապիրոսի փող չունի, ես նրան ի՞նչ մեղադրեմ, ասեմ լավ մարդ չի, վա՞տն ա»,- դժգոհում է ծերունին։ Մեկ ուրիշն էլ հավելում է՝ «ուրիշի անասունը պահում եմ, դրանով ապրում ենք, հինգ տղա ունեմ, ոչ մեկը չի աշխատում, աշխատանքի տեղ չունեն, ինձնից մեծ, ինձնից դրբով, բայց աշխատանք չունեն»։

«Մեզ պոպոք թափ տվող հարսներ են պետք», - կատակում են գյուղացիները։ Շուրջ 1200 բնակիչ ունեցող Քարագլխում ապրուստի հիմնական միջոցը ընկույզն ու խնձորն են։ Անցած տարի հավաքած տոննաներով խնձորը, սակայն, մինչ օրս չեն իրացրել, կուտակել են մառաններում ու գնորդի են սպասում։ «Տունն ա, առնող չկա, մենք քաղաքից ահագին հեռու ենք ապրում, ձև չկա վաճառելու, տանում ենք էլ՝ մեզ չեն թողում շուկայում կանգնենք՝ վաճառենք: Տանք՝ մեզնից 100-ով առնեն, 300-ով ծախեն՝ էդ հնարավորությունն էլ չունենք», «գյուղերը պտի ման տաս ծախես, էն էլ չեն առնում», «չենք ծախել է, ասեք, որ ժողովուրդը մեռնում է»,- դժգոհում են քարագլուխցիները:

78-ամյա Բաբկեն Սարգսյանը, չնայած առաջացած տարիքին, ամիսներ շարունակ 500 ծառ է խնամել ու 25 տոննա բերք ստացել, սակայն ծախսածը ետ բերել չի կարողանում։ Ամեն օր նորից ու նորից տեսակավորում է հավաքած խնձորը՝ հույսով, որ արկղերից գոնե մեկ-երկուսը կկարողանա վաճառել։ «Բանվորը մեզի օգնել ա, քաղել ենք, բանվոր ենք աշխատեցրել, 30 պարկ սելիտրա ենք տվել ծառերին, սաղ ծախս ենք արել, էլի, առանց ծախս կլնի՞, ջուր ենք արել, սնուցում ենք տվել, օրգանական պարարտանյութ ենք արել, որ էսքան բերք ենք ստացել, հիմա էլ արդյունք չկա»,- պատմում է Բաբկեն Սարգսյանն ու հավելում՝ «մարտ ամիսը հելավ, արդեն էլ պիտանի չի, կթափենք»:

Նրա հարևան Գոհար Կարապետյանը մի քանի տոննա խնձոր արդեն թափել է։ Մեկ-երկու արկղ գյուղամիջի խանութ է տարել՝ առանց մեծ ակնկալիքների։ «10 տոննա, մի հատ էլ չեմ կարում ծախեմ, հեն ա՝ հայաթը, Եղեգնաձոր մի հատ կանսերվի գործարան եկել․․․ 15 դրամով խնձոր հանձնե՞մ, 10 դրամ սկի ծառի տանջանքը չարժի, կարաս նայես, նեխե լցվե, տանեմ անասունն էլ սկի չի ուտի, էնքան կերել են` հոգնել են»։

Գյուղացիների խոսքով, իշխանության ներկայացուցիչները Քարագլուխ չեն այցելում, խնդիրներին ծանոթ չեն։ «Սարերի մեջ կորած գյուղ ենք, երևի տեղը չգիտեն»,- դառնացած կատակում են նրանք։ Գյուղատնտեսության նախարարության միակ օգնությունն էլ էժան պարարտանյութն է եղել, որը, սակայն, ոչ բոլորին է բաժին հասել։ «Կտրված գյուղ է, ի՞նչ կա էս գյուղը, 2 պարկ սելիտրա են բերել, կռվել են ժողովուրդը, կեսին չի հասել, 80 պարկը չի հերիքել համայնքին: Մեկը ես՝ 2 պարկ չկարեցա առնեմ: Գյուղացին միշտ էլ էս կարգավիճակին ա, աղքատ դար ա․․․»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG