«Միջազգային շուկայում նավթի գնի անկման պատճառով Ադրբեջանն ի վիճակի չէ վճարել նախկինում Ռուսաստանից ձեռք բերված սպառազինության դիմաց»,- այսօր գրում է մոսկովյան "Коммерсантъ"-ը` նշելով, որ հենց այս հարցը քննարկելու նպատակով է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը անցած գիշեր ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք:
Ռուսական պարբերականը գրում է, որ Ռոգոզինին ուղեկցում են ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող "РосОборонЭкспорт" ընկերության, ինչպես նաև Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչները, պաշտոնյայի այցը հատուկ բնույթ ունի և նախապես ծրագրված չէր։
"Коммерсантъ"-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ծագած հիմնական խնդիրները վերաբերում են տարիներ առաջ կնքված համաձայնագրերի կատարմանը:
«Գլխավոր խնդիրը հետևյալն է՝ Ադրբեջանը գումար չունի»,- գրում է "Коммерсантъ"-ը` մեջբերելով ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության մանրամասներին քաջածանոթ ռուսաստանցի պաշտոնյաներից մեկի խոսքը, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը. - «Նավթի գնի անկումը ազդել է բոլորի վրա, և մեր ադրբեջանցի գործընկերները ևս այս առումով բացառություն չեն: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ պատվիրված ռազմական տեխնիկան արդեն իսկ արտադրվել է, առաքվել է և այժմ առանց որևէ շարժի գտնվում է նավահանգստում` սպասելով այս ողջ պատմության հանգուցալուծմանը»,- նշել է "Коммерсантъ"-ի զրուցակիցը:
«Ադրբեջանը սպառազինությունների շուկայի լուրջ դերակատարություն ունեցող պետություններից է, և Ռուսաստանն այն կորցնել չի ցանկանում»,- գրում է թերթը՝ հիշեցնելով.- «2010-14 թվականներին Բաքուն Մոսկվայի հետ պայմանագրեր ստորագրեց C-300 տիպի զենիթահրթիռային կայանքների երկու դիվիզիոնների, Top-2МЭ զենիթահրթիռային համակարգերի, շուրջ հարյուր ռազմական և տրանսպորտային ուղղաթիռների, հարյուրավոր տանկերի, սպառազինության մի շարք այլ տեսակների ձեռքբերման մասին: Այս պայմանագրերի ընդհանուր ծավալը հասնում էր 4 միլիարդ ամերիկյան դոլարի, և մի շարք աղբյուրների տեղեկություններով՝ պայմանագրերի մեծ մասը կյանքի է կոչվել»։
"Коммерсантъ"-ի տեղեկություններով, օրինակ, 2015 թվականին արդեն Ադրբեջանը ստացավ Mи-17В-1 տեսակի վերջին վեց ուղղաթիռները` դրանց ընդհանուր թիվը հասցնելով 40-ի: «Այժմ ռուսաստանյան ձեռնարկություններին մնում է որոշ քանակությամբ տանկեր, զրահամեքենաներ և մի շարք հրետանային համակարգեր առաքել Ադրբեջան: Ըստ ամենայնի, հենց այդ առաքումներն են լինելու այսօրվա բանակցությունների հիմնական թեման»,- գրում է "Коммерсантъ"-ը՝ հավելելով.- «Մեր տրամադրության տակ հայտնված տեղեկությունների համաձայն՝ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը բավական կոշտ դիրքորոշում է դրսևորելու, քանի որ այս կացությունը ստեղծվել է ոչ Ռուսաստանի Դաշնության մեղքով»:
Թերթը մեջբերում է նաև մոսկովյան վերլուծական հաստատություններից մեկի` «Տեխնոլոգիաների և ռազմավարությունների վերլուծության կենտրոնի» տնօրեն Ռուսլան Պուխովի խոսքը.- «Ստեղծված իրավիճակում կարելի է կամ դադարեցնել ռազմական տեխնիկայի մատակարարումը և պատրաստի արտադրանքը վերավաճառել այլ պետության, կամ էլ պայմանավորվել վճարումների հետաձգման մասին»։
"Коммерсантъ"-ի տեղեկություններով, ի դեպ, ռազմատեխնիկական ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության շուրջ իրավիճակը սրվում է նաև այն արձագանքի պատճառով, որ ցուցաբերեց Ադրբեջանը Հայաստանին 200 միլիոն դոլարի ռուսական վարկի տրամադրման մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո:
«Այդ վարկով նախատեսվում է Հայաստանին վաճառել մի շարք զինատեսակներ, այդ թվում՝ Смерч տեսակի հրետանային կայանքներ, Игла-С տեսակի զենիթային հրթիռային կայանքներ,ТОС-1А ծանր կրականետեր, РПГ-26 տեսակի նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, "Тигр" մակնիշի զրահամեքենաներ, սպառազինության մի շարք այլ տեսակներ»,- հիշեցնում է ռուսական պարբերականը։