Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը՝ ԵՊՀ պատվավոր պրոֆեսոր


Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատվավոր պրոֆեսորի կոչում:

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ ԵՊՀ գիտական խորհուրդը այդ կապակցությամբ միաձայն որոշում էր ընդունել փետրվարի 11-ին կայացած նիստի ընթացքում։

Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, այսօր նախարարին հանձնելով պատվավոր պրոֆեսորի դիպլոմը, նշել է, որ գիտական խորհրդի որոշումը պայմանավորված է Նալբանդյանի «հասարակական-քաղաքական բեղուն գործունեությամբ, գիտության բնագավառում ձեռքբերումներով, ԵՊՀ-ի հետ բազմամյա արգասաբեր համագործակցությամբ»։

Շնորհակալություն հայտնելով՝ Նալբանդյանն ասել է. - «Այս կոչումը պարտավորեցնող է` առավել ամրապնդելու արտգործնախարարության և համալսարանի, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև գոյություն ունեցող սերտ համագործակցությունը, հաստատված բարի ավանդույթները»։

Արտգործնախարարը նաև նշել է, որ վերոնշյալ ֆակուլտետը ԱԳՆ-ի համար կադրային դարբնոց է հանդիսանում։

Նալբանդյանն այսօր Երևանի պետական համալսարան էր այցելել մայր բուհի գիտական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Իր ելույթում խոսելով նախօրեին Հայաստանում նշված Դիվանագետի օրվա խորհրդի մասին՝ Նալբանդյանը մասնավորապես ասել է. - «Հայկական դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերները ոչ պակաս հրատապ են այսօր: Պաշտպանել պետության և Հայաստանի քաղաքացիների շահերը, երկկողմ և բազմակողմ տարբեր հարթակներում չեզոքացնել մեր դեմ ուղղված, տարաբնույթ ռեսուրսներով սնվող նախաձեռնությունները, աջակցել ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին, այսպես ասած, «թեժ կետերում»։ Անհրաժեշտ է ոչ թե սպասել, թե այս կամ այն գործընկեր պետությունը կամ միջազգային կազմակերպությունը ինչ կարող է առաջարկել մեզ, այլ հանդես գալ դրական օրակարգ ձևավորելուն միտված սեփական նախաձեռնություններով»:

«Հենց այս իրողություններն են, որ պետք է հաշվի առնել մարտի 2-ի խորհուրդը հասկանալու համար: Հենց այս իրողություններն են, որ պետք է հաշվի առնել հասարակության համար դիվանագետի աշխատանքը գնահատելու փորձեր կատարելիս», - ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG