ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը նամակով դիմել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Այդ մասին տեղեկացնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:
Կոնգրեսականները, մասնավորապես, խնդրում են, որ Բարաք Օբաման իր «հնարավորություններն օգտագործելով՝ անձամբ ճնշումներ գործադրի Ադրբեջանի նախագահի վրա»՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը միտված երեք պահանջներն ընդունելու նպատակով:
Նամակի հեղինակներն այս քայլին են դիմում մարտի վերջին Վաշինգտոն Իլհամ Ալիևի կատարելիք այցին ընդառաջ:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և ազդեցիկ դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլը, հիշեցնենք, ավելի վաղ առաջարկել են խաղաղությանը միտված երեք կոնկրետ քայլ, որոնք կարճաժամկետ հեռանկարում կփրկեն կյանքեր և կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարատև հեռանկարում կնպաստեն համընդգրկուն և տևական խաղաղության հաստատմանը:
Այդ քայլերն են՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի դիտարկող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում։
Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև ԵԱՀԿ-ը աջակցել են այս նախաձեռնություններին, Ադրբեջանը, սակայն, ընդդիմանում է:
«Մենք միանում ենք հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին և կոնգրեսական Բրեդ Շերմանին»,- հայտարարել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, վերահաստատելով Ադրբեջանի նախագահի նկատմամբ ճնշումներ գործադրելու՝ նախագահ Բարաք Օբամայի «բացառիկ հնարավորությունները»:
Ավելի վաղ Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգըլի նախաձեռնությանը միացել են ավելի քան 80 կոնգրեսականներ: ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել է կոնգրեսականների առաջարկը: