Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է շարունակել համագործակցությունը երեկվա համատեղ հայտարարությունը ստորագրած ուժերի հետ։
Վեց քաղաքական ուժեր, այդ թվում «Հիմնադիր խորհրդարան»-ը, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը 2008 թվականի մարտի 1-ի հանցագործությունները բացահայտելու պահանջի հետ մեկտեղ երեկ նաև հայտարարել էին՝ «ռեժիմի հեռացումը հնարավոր է միայն ժողովրդական լայն դիմադրության ձևավորմամբ, որը կապահովի ընտրակեղծարարության մեքենայի կազմաքանդումը, օրինական ընտրությունների անցկացումը և լեգիտիմ իշխանության ձևավորումը»։
«Այո՛, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի, առաջին հերթին քաղաքացիական հասարակության ուժերի, բայց նաև քաղաքական ուժերի հետ այդ միասնական դիմադրության ճակատը ստեղծելու հարցում»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Զուրաբյանը պնդում է՝ համախմբման համար հարմար առիթ արդեն կա.- «Ընտրական օրենսգրքի պահանջների միասնական փաթեթի ձևավորումն է, ընտրությունների վերահսկելիությունը ապահովող առանցքային պահանջների շուրջ միասնական մի պլատֆորմ, որին աջակցելով մենք բոլորս դառնում ենք իսկապես միասնական՝ այս իշխանությունների և նրանց ընտրակեղծարարության դեմ»։
Միավորվելու հարցում առավել լավատես է «Նոր Հայաստան» շարժմանն անդամակցող «Հիմնադիր խորհրդարան»-ը։ Ժիրայր Սեֆիլյանը վստահ է՝ վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը դեռ սկիզբն է։
«Սա հերթական փորձն է, մենք հուսով ենք, որ առաջիկա շաբաթներին կփորձենք ավելի հստակ գաղափարների շուրջ մեր պատկերացրած ընթացքի վերաբերյալ առաջարկություններով միավորել ընդդիմությանը»,- ասաց նա։
Հայտարարության տակ ստորագրած «Քաղաքացիական պայմանագիր»-ը, մինչդեռ, բացառում է խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի հետ համախմբման հնարավորությունը։ Կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը նշում է՝ իրենք ընտրակեղծարարության մեքենայի կազմաքանդման սեփական տարբերակներն ունեն՝ ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորում, ընտրություններին 6000 հազար դիտորդների ներկայություն։
«Հնարավոր չէ ամեն անգամ նույն գետը մտնել։ Համագործակցող էինք, ինչո՞վ էինք զբաղված, էս հինգ տարի է համագործակցեին։ Էդ համագործակցությունից սկսել եմ և տեղի է ունեցել քաղաքական տրոհում։ Ես խորհրդարանի ամբիոնից ասել եմ, որ այդպիսի համագործակցության ճանապարհը ինձ համար փակված է։ Ընտրություններից առաջ միավորվում ենք, որ ընտրություններից հետո տրոհվե՞նք։ Արդեն տրոհվել ենք։ Եթե էդքան համագործակցության մասին մտածող էին, ուրեմն պետք էր ժամանակին մտածել»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ այս ուժերի հետ համագործակցության համար անպատասխան մի շարք հարցեր կան.- «Մենք գիտենք, որ «Նոր Հայաստան» միավորման մաս կազմող «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության մեր գործընկերները դեմ են արտահայտվել և անիմաստ են համարում ընտրական պրոցեսներին մասնակցելը։ Էս դեպքում հարց է առաջանում՝ քաղաքական ուժը, որն ընդհանրապես անիմաստ է համարում ընտրական պրոցեսներին մասնակցելը, ինչպե՞ս պիտի համագործակցի օրինական ընտրությունների անցկացմանը»։
Ըստ Փաշինյանի՝ միասնական պայքարի հարցում ամեն ինչ միանշանակ չէ նաև ՀԱԿ-ի պարագայում, այստեղ էլ անվստահության խնդիր և անպատասխան հարցեր կան։
«Ոչ»-ը պաշտոնական արդյունքներով հաղթել է մոտավորապես 500 տեղամասերում։ Հանրաքվեի արդյունքները բողոքարկել են ընդամենը մոտ 30 ընտրական տեղամասում։ Հարց. բա էն մնացած ընտրական տեղամասերում ինչո՞ւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները չեն բողոքարկել հանրաքվեի արդյունքները։ Քանի դեռ էս հարցի պատասխանները մենք չունենք, չենք կարող որևէ կոնկրետ բան ասել, որովհետև սա սկզբունքային նշանակություն ունի՝ ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։