Մատչելիության հղումներ

Տաքսիստներն ուզում են հրաժարվել լիցենզիաներից, ասում են՝ «լիցենզիայով քշելն անհնար է»


Տաքսու վարորդների ցույց Հանրապետության հրապարակում, արխիվ
Տաքսու վարորդների ցույց Հանրապետության հրապարակում, արխիվ

Կառավարության սահմանած լիցենզիաների ու հարկավճարների կարգի դեմ պարբերաբար բողոքի ցույցեր կազմակերպող տաքսու վարորդներն ասում են՝ առայսօր ոչ մի օրենք իրենց բեռը չի թեթևացրել:

Երկու տարբեր խմբերի բաժանված տաքսու վարորդներն այսօր չկարողացան տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանին անձամբ հայտնել, որ պատրաստվում են հրաժարվել լիցենզիաներից: Նախապես խոստացված հանդիպումը պաշտոնյան չեղյալ էր հայտարարել զբաղվածության պատճառով, փոխանցեցին վարորդները։

Տաքսու վարորդների խնդիրներով զբաղվող ՀԿ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանը պնդեց, որ իրենք մի քանի վարորդներով պարզապես պատրաստվում էին պաշտոնյայից պահանջել խստացնել ստուգայցերը՝ լիցենզիա չունեցող տաքսու վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ: Դոստուրյանը դժգոհեց՝ Ավտովարորդների պաշտպանության լիգայի անդամները խանգարեցին իրենց։

Դեռ երկու տարի առաջ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հենց այս նույն վարորդների հետ հանդիպման ժամանակ չէր ընդունել պնդումները, թե լիցենզավորման մասին օրենքն ի վնաս վարորդների է աշխատելու: Հավելել էր՝ հանվել է դեղին համարանիշների պահանջը, փոխարենը մի ներդիր պետք է փակցվի մեքենայի դիմապակուն և ամսական 10-15 հազարի փոխարեն միայն 12 հազար դրամ է գանձվելու։ Նախարարը պնդել էր, որ հանվել է նաև ամենօրյա բուժզննում ու տեխզննում անցնելու պահանջը: Շուրջ 6 ամիս նախագահին ուղարկված 27 կետանոց առաջարկ-դիմումի պատասխանին սպասող վարորդները, մինչդեռ, հակառակն են պնդում՝ բոլոր խոստումներն օդից կախված են մնացել՝ լիզենցիա չունեցողներն ավելի լավ պայմաններում են աշխատում։

«Օրվա կեսը կլինի՞, որ ես, ասենք, վարչապետ աշխատեմ, օրվա կեսն էլ Հովիկ Աբրահամյանն աշխատի։ Սմենով աշխատող շատ անձինք դուրս են գալիս, մեզ հետ հավասար տաքսի են քշում»։ «Էս թուղթը ես վերցրեցի և դրեցի մեր տան գարդերոբի մեջ։ Ի՞նչ է տալիս սա։ Ոչի՛նչ։ Սերժ Սարգսյանին վեց ամիս առաջ ենք ուղարկել նամակ, ոչինչ չեն ստեղծում։ Տաքսու համար 57 կայանատեղի են տվել, նենց տեղեր են տվել, որ էդտեղ կենդանի 50 մարդ չի անցնում օրվա մեջ»,- բողոքում էին վարորդները։

Տաքսու վարորդներն ասում են՝ երկու տարի է ինչ նախարարին խնդրում են բոլոր կանգառներում տաքսու վարորդների համար նույնպես կայանատեղիներ ստեղծել ու դադարեցնել կարմիր գծերի համար գումարների գանձումը: Դժգոհում են՝ առայսօր միայն խոստում են լսում։

«Գասպարյան Վովայի առաջին տեղակալը՝ գնդապետ Հովհաննիսյանը, Փոսի գայի պետը, Արմեն Խաչատրյանը՝ իրենց տեղակալներից, Նավասարդյանը՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, «Սեքյուրիթի դրիմ»-ի էն մորուքով ղեկավարը՝ բոլորով մեզ խոստացան, որ տաքսու կարմիր գծեր չեն նկարելու։ Ըհը՛, խոստացան, խաբեցին»։

Կառավարության սահմանած լիցենզիաների ու հարկավճարների կարգի դեմ պարբերաբար բողոքի ցույցեր կազմակերպող տաքսու վարորդներն ասում են՝ առայսօր ոչ մի օրենք իրենց բեռը չի թեթևացրել: Պնդում են՝ եթե վարչապետը չընդունի իրենց, կհետևեն գործընկերներից մեկի օրինակին ու կհրաժարվեն լիցենզիաներից։

«Երկու ամիս բարձվելուց հետո տարա լիցենզիան հետ սևցրի իրանց։ Նենց պայմաններ են ստեղծել, որ լիցենզիայով քշելն անհնար է»,- ասաց լիցենզիայից հրաժարված վարորդը։

XS
SM
MD
LG