Մատչելիության հղումներ

«Հյուսիս-հարավ»-ի պատճառով 7 համայնքներ հայտնվել են մեկուսացման մեջ


Մարմարաշենցիները բողոքում են՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության հետևանքով համայնքը հայտնվել է մեկուսացման մեջ
Մարմարաշենցիները բողոքում են՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության հետևանքով համայնքը հայտնվել է մեկուսացման մեջ

Մարմարաշենն ու հարևան 6 գյուղերը հայտնվել են մայրուղու մի կողմում, իսկ հողատարածքները, մոտակա քաղաքը՝ Մասիսն ու մարզկենտրոն Արտաշատը՝ մյուս։

Այսօր տասնյակ մարմարաշենցիներ, ի նշան բողոքի, հավաքվել էին գյուղապետարանի դիմաց և սպառնում էին փակել գյուղի կողքով անցնող ավտոմայրուղին։ Գյուղացիները պնդում են, թե հայտնվել են մեկուսացման մեջ. անցած աշնանը «Հյուսիս-հարավ» արագընթաց ճանապարհի մի հատվածը շահագործման հանձնելուց հետո Մարմարաշենն ու հարևան 6 գյուղերը հայտնվել են մայրուղու մի կողմում, իսկ հողատարածքները, մոտակա քաղաքը՝ Մասիսն ու մարզկենտրոն Արտաշատը՝ մյուս։

Նշված գյուղերն այդ քաղաքներին ու գյուղացիների հողամասերին կապող կամուրջն այդպես էլ չի կառուցվել, թեև շինարարական ծրագրով նախատեսված է եղել: «Էս 4 տարի մեզ խաբել են, Մասիսից մեզ անջատել են, մենք 15 կիլոմետր պտտվում ենք, մենք մեր տնից անջատված ենք։ Բուժումն ընդեղ ա, ամեն ինչ ընդեղ ա, բանկերն ընդեղ ա, հողերն էլ հետը»,- բողոքում են մարմարաշենցիները։

Մայրուղու արգելապատնեշի մյուս կողմում նրանք մոտ 400 հա հողատարածք ունեն։ Ժամանակին մի քանի հարյուր մետր ճանապարհ անցնելու փոխարեն այժմ ստիպված են կիլոմետրեր կտրել՝ անասուններին արոտավայր հասցնելու համար։ «Էսօր ոչ մի գյուղացի չի կարող էս ճանապարհն անցնի, անասուն տանի կամ որևէ մեխանիզմ տանի՝ էդ հողերը վարելու համար։ Առանց այն էլ այդ հողերի 70-80 տոկոսը չէր մշակվում, հիմա 100 տոկոսով չի մշակվի»,- ասում է գյուղացիներից մեկը։

Այսօր մարմարաշենցիների հետ հանդիպեցին «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարական ծրագրի ներկայացուցիչներն ու խոստացան ընթացիկ ամսվա ընթացքում սկսել ճանապարհի երկու կողմերն իրար միացնող կամրջի շինարարությունն ու այն ավարտել մինչև տարեվերջ։ Նաև խոստացան մինչ այդ, մեկ շաբաթվա ընթացքում, գյուղին մերձակա հատվածում բացել ճանապարհի մեջտեղով անցնող արգելապատնեշն ու շրջադարձի հնարավորություն ստեղծել՝ տեղադրելով արագությունը սահմանափակող նշաններ։

«Եթե նրանց տված խոստումները չկատարվեցին, ամսի 10-ին գնում ենք մեծ տրասան՝ ճանապարհը փակելու։ Ուրիշ ոչ մի բան»,- խոստացան զայրացած մարմարաշենցիները։

Գյուղապետ Էդվարդ Հակոբյանը, ի տարբերություն մյուսների, հավատում է տրված խոստումներին: «Մոստը կառուցվելու է մարտ ամսվա վերջին։ Էս մի ամսվա թղթաբանական բոլոր աշխատանքները կավարտվեն, աշխատանքները կսկսեն։ Դա ինձ 100 տոկոսով տղավարի խոսք ա տվել ԾԻԳ-ի պետ Արթուր Սարգսյանը»,- ասաց գյուղապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG