Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը սպառիչ պատասխան չի ստացել զոհերի հարազատներին տրամադրված փոխհատուցման մասին


Մարտի 1-ի զոհերի հարազատները, արխիվ
Մարտի 1-ի զոհերի հարազատները, արխիվ

Այս անգամ ՄԱԿ-ում Հայաստանի իշխանություններից պատասխան են ակնկալում մինչև ապրիլի 11-ը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը մինչ օրս սպառիչ պատասխան չի ստացել Հայաստանի իշխանություններից, թե արդյոք Մարտի 1-ի տուժածներին ու զոհերի հարազատներին տրամադրվել է պատշաճ փոխհատուցում, բժշկական ու հոգեբանական օգնություն:

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրին ուղղված նամակում դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, գերագույն հանձնակատարի գրասենյակը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանություններից տեղեկատվություն են ստացել 2013 և 2015 թվականներին, սակայն ափսոսանքով արձանագրում, որ իրենց հանձնարարականի վերաբերյալ գործնական քայլի մասին խոսք չկա:

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասում է՝ Հայաստանի իշխանությունները լուրջ չեն վերաբերվում միջազգային պարտավորություններին։

«Իսկապես ոչինչ չեն արել մեր իշխանությունները և ասելու բան չունեն։ Եթե ինչ-որ բան արած էլ լինեն, ապա իրենք լուրջ չեն վերաբերվում միջազգային կառույցներին»,- ասաց նա։

Այս անգամ ՄԱԿ-ում Հայաստանի իշխանություններից պատասխան են ակնկալում մինչև ապրիլի 11-ը:

«Երրորդ տարին է՝ ես արտգործնախարարությունից, կառավարությունից հարցնում եմ՝ ի՞նչ եք արել, պատասխանը միանշանակ է՝ ոչ մի բան։ Չեն արել։ Այս մարդիկ վերջին անգամ մի հատ էլ են ժամկետ տվել, որպեսզի պատասխանեն այդ երկու հարցերին՝ ի՞նչ փոխհատուցում է տրվել և դատական գործերի ընթացքը ո՞ւր է հասել»,- ասաց Արամ Մանուկյանը։

Նույն ձեռագիրն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այլ միջազգային կառույցների հետ հարաբերություններում էլ է նկատվում: Անցած տարի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն էր իր զեկույցում նշել, որ 2008 թվականի մարտի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած մահվան տասը դեպքերի քննության արդյունքների բացակայությունը է՛լ ավելի է խորացնում անվստահությունը դատական իշխանության և արդարադատության նկատմամբ։ Նա հիշեցրել էր, որ գործը բացահայտելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու կոչը հնչեցրել է դեռ նախորդ հանձնակատարը 2011 թվականին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում էլ իշխանությունները լրացուցիչ ժամանակ են խնդրել՝ հարցումներին պատասխանելու համար, թեև արյունալի դեպքերից ութ տարի է անցել:

«Մեր կառավարությունը նորից երեք ամիս ժամկետ է խնդրել։ Յոթ տարի ոչինչ չեն արել։ Սա արհամարհական վերաբերմունք է։ Ինչպես կույրն է Աստծուն նայում, այնպես էլ Աստված կույրին է նայում։ Հիմա միջազգային կառույցները, որին դու անդամագրվել ես, պարտավորություններ ունես, եթե այդ պարտավորությունները չես կատարում, նրանք էլ նույն կերպ պետք է քեզ վերաբերվեն։ Դա է պատճառը, որ մենք մեկուսացված ենք, միջազգային ծրագրերին մասնակից չենք, հարգված չենք»,- ասաց Մանուկյանը։

Անցած չորեքշաբթի Մանուկյանը հարցը բարձրացրեց նաև կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսպես արձագանքեց.- «Որևէ մեկ դատարան, երբ լրացուցիչ ժամանակ է տալիս կողմին պատասխան նախապատրաստելու, երբևէ չի ենթադրում, որ դատարանի նկատմամբ կա անհարգալից վերաբերմունք»։

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Արտակ Զաքարյանն այսօր ասաց՝ Մարտի 1-ի զոհերի ընտանիքների խնդիրները մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են եղել, կառավարությունը ձեռքի տակ ունեցած ողջ տեղեկատվությունն ուղարկել է միջազգային կառույցներին:

«Ես կարծում եմ, որ հայտնի բոլոր փաստերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվել է միջազգային կազմակերպություններին»,- ասաց նա։

Զաքարյանն ասում է՝ Մարտի 1-ը ցավոտ հետք է թողել և չարժե հարցը շահարկել.- «Խնդիրը ցավոտ կողմեր ունի, և մեր նպատակը չէ ամեն կերպ դրական իմիջով երևալ միջազգային հանրության առաջ՝ հատկապես որ այդ ցավն ավելի շատ մեզ է ցավ պատճառում, քան միջազգային հանրությանը։ Եվ չեմ էլ ընդունում որոշ քաղաքական ընդդիմադիր ուժերի այն մոտեցումները, որ ամեն կերպ սպասում են, թե երբ է գալու մարտի 1-ը, որ ամեն կերպ սկսեն այն շահարկել և փորձել իրենց հարմար ռակուրսով տեղադրել քաղաքական գործընթացների մեջ»։

Արամ Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները գնում են խնդիրը մաշեցնելու ճանապարհով. - «Նաև պահանջատերերն են քչանում, զոհերի ծնողներից մի քանիսը արդեն թողեցին, գնացին Հայաստանը, մի քանիսը գնացին կամ հուսահատ են, հոգնել են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG