Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ռազմական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի, բուժվող զինծառայողների և նրանց հարազատների հետ, հետաքրքրվել զինծառայողների բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:
Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները:
Սեյրան Օհանյանը ծանոթացել է ռազմաբժշկական հաստատությունում ապաքինվողների բուժսպասարկման, ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմաններին և հատկապես զինծառայողներին հատկացվող պարենամթերքի տեսականուն, չափաբաժիններին և թիկունքային ապահովման հարցերին առնչվող նորմատիվային փաստաթղթերին, տվել է համապատասխան ցուցումներ:
Պաշտպանության նախարարը այսօր նաև մասնակցել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում (ԿՌԲՀ) անցկացված խորհրդակցությանը և հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ԿՌԲՀ-ի նորանշանակ պետ Սահակ Օհանյանին:
Շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի նախկին պետ Արսեն Մելքոնյանին՝ Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցած և ռազմաբժշկական համակարգում տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Սահակ Օհանյանի մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղն ու աշխատանքային հարուստ փորձը կնպաստեն ԿՌԲՀ-ի գործունեության արդյունավետության առավել բարձրացմանը, Զինված ուժերում հիվանդացության ցուցանիշների նվազմանը, ինչպես նաև ռազմաբժշկական օղակում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթների խստագույն վերահսկմանը` հատկապես զորակոչի կազմակերպման ընթացքում: