Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղի «ազատագրման» մասին


ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտ
ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտ

Մեկ ամիս առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ ընտրված Պեդրո Ագրամունտի պաշտոնական առաջին այցի ուղղությունն Ադրբեջանն է։

Այցից առաջ տված հարցազրույցում իսպանացի քաղաքական գործիչը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Անդրադառնալով նոր պաշտոնին և գործունեության ուղղություններին՝ ԵԽԽՎ-ի նախագահը APA ադրբեջանական գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե իր ուշադրության կենտրոնում գտնվող հարցերից մեկը Եվրախորհրդի անդամ երկրներում առկա չլուծված հակամարտություններն են։

«Մենք խոսում ենք Ուկրաինայի հակամարտության մասին, Ղրիմի հարցից, սակայն դրանց կողքին կա Վրաստանի հակամարտություն Հարավային Օսիայում և Աբխազիայում, Մոլդովայում՝ Մերձդնեստրը, Բալկանների հակամարտությունը, ինչպես նաև ավելի քան 20 տարի շարունակվող ապօրինի և միջազգային նորմերին հակասող Լեռնային Ղարաբաղի և հարակից յոթ ադրբեջանական տարածքների բռնազավթումը՝ հարևան Հայաստանի կողմից»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը։

Եվրոպացի պաշտոնյայի կարծիքով՝ այդ հարցը ամբողջովին սառեցված է և կարգավորման ուղղությամբ որևէ քայլեր չեն արվում։ «Չնայած նրան, որ կարգավորման հարցում ներգրավվել են միջազգային կազմակերպություններ, տպավորություն է ստեղծվում, որ որևէ առաջընթաց չկա։ Կարծում եմ, որ բոլոր այդ հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս տարածքների ազատագրման հարցը, պետք է կարգավորվեն»,- նաև հայտարարել է հակամարտությունների լուծման որևէ մանդատ չունեցող ԵԽԽՎ-ն նախագահող Ագրամունտը։

Իսպանացի քաղաքական գործիչը, այսօր ժամանելով Բաքու, նախ հանդիպել է ադրբեջանցի իրավապաշտպանների և լրագրողների հետ։

«Իմ այցի նպատակն է խորացնել համագործակցությունը և ներդրում ունենալ Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման հարցում»,- Բաքվում հայտարարել է Ագրամունտը, ով այսօր և վաղը պլանավորում է հանդիպել նաև Ադրբեջանի քաղաքական ղեկավարության և պատգամավորների հետ։

«Մենք քննարկելու ենք համագործակցության կատարելագործման հնարավոր քայլերը ոչ միայն ԵԽԽՎ-ի շրջանակներում, այլ նաև Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարության։ Ներկայում այդ համագործակցությունը, կարծում եմ, վատ չէ, սակայն մենք քննարկում ենք այն զարգացնելու ուղիները»,- ասել է նա։

Նշելով, որ հանդիպել է ճաղերի ետևում գտնվող ակտիվիստների փաստաբանների հետ, Ագրամունտը փոխանցել է, որ այդ հանդիպումներին բավական բաց քննարկումներ են տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախագահն այսօր հասցրել է այցելել Շեհիդների ծառուղի և Բաքվի պանթեոն, որտեղ հուղարկավորված են պետական գործիչներ, անվանի քաղաքացիներ։

Իր ծավալուն հարցազրույցում իսպանացի քաղաքական գործիչը Ադրբեջանում տիրող իրավիճակը համեմատել է անցյալի հետ և ընդգծել, որ փոփոխություններ կան։

Ուշագրավ է սակայն, որ Ագրամունտը անցյալ տարիներին, իր բնորոշմամբ՝ ավելի վատ շրջանում, եղել է Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցողներից մեկը։ Ինչպես պնդում են ադրբեջանցի իրավապաշտպանները, նա, սակայն, այդպես էլ իրականությունը տեղ չի հասցրել։ Պատճառը Ադրբեջանի իշխանությունների հետ բարեկամական ջերմ հարաբերություններն են։ Այդ մասին է փաստում «Եվրոպական կայունություն նախաձեռնություն» անկախ վերլուծական կենտրոնի հայտնի սկանդալային զեկույցը՝ «Խավիարային դիվանագիտություն, կամ ինչպես է Ադրբեջանը ստիպում Եվրոպայի խորհրդին լռել» վերտառությամբ փաստաթուղթը, որի գլխավոր հերոսներից մեկը հենց Ագրամունտն է։

Զեկույցի հեղինակը պնդում է, որ Ադրբեջանի իշխանություններին բարեկամաբար վերաբերվող իսպանացի պատգամավորը, լինելով Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցողներից մեկը, եվրոպական հանրությանը Ադրբեջանի ընդդիմության ձայնը հասցնելու փոխարեն «դարձել է Եվրոպայում Ալիևի կլանի գլխավոր լոբբիստներից մեկը՝ դրա դիմաց Բաքվից ստանալով մետաքսե գորգեր, ոսկյա և արծաթյա զարդեր ու այլ շռայլ նվերներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG