Մատչելիության հղումներ

Ճոպանուղին տաթևցիներից քչերի հոգսն է թեթևացրել


Ձմռանը տաթևցիների հոգսերն ավելանում են
Ձմռանը տաթևցիների հոգսերն ավելանում են

Ձմռանը գյուղացիների խնդիրներն ավելանում են, գյուղում գազ չկա, ճանապարհներն անանցանելի են դառնում, այս ամիսներին երթևեկի միակ անվճար միջոցն այնտեղ ավանակներն են։

«Եկել եք, որ նկարեք ու գնա՞ք»,- տեսախցիկը տեսնելուն պես հարցնում են տաթևցիները։ Մի քանի տարի առաջ մեծ շուքով բացված ճոպանուղու հարևանությամբ գտնվող այս գյուղ տեսախցիկով «զինված» զբոսաշրջիկներ հաճախ են գալիս։

«Շատերին ուզում ենք հարս պահել, բայց տեսնում են, որ գազ ու ջուր չունենք, գնում են»,- կատակում են գյուղացիները։ «Ամերիկայից, Անգլիայից գալու ա ստեղ ի՞նչ անի... Խեղճ տղայա, վիզը ծռած, չի կարողանում մի հատ աղջիկ ճարի, ամուսնանա հետը, գործ չկա»,- ասում է գյուղացիներից մեկը՝ մատնացույց անելով Կոլյա Մկրտչյանին:

Երիտասարդը չամուսնանալու իր պատճառներն ունի, ասում է՝ անգամ 24 ժամ աշխատելով չի կարողանում եկամուտ ունենալ։ Հողագործությամբ այստեղ քչերն են զբաղվում, քանի որ ոռոգման ջուր օրական ընդամենը երեք ժամով են ունենում։ Կարտոֆիլի մարգերն այս տարի անջրդի են մնացել։ «Անասնապահությամբ էլ զբաղվել չի լինում, միսը գալիս ու էժան տանում են, մեզ մեր տանջանքն է մնում»,- ասում է մի տաթևցի:

«Մի անասունի արժեք էլ պիտի ծախսենք, որ կարանանք մի անասուն պահենք։ Մորթել ա, էժան-էժան ծախել, որ գոյությունը պաշտպանի։ Անասունը չենք կարում վաճառենք, կարտոֆիլը չենք կարում վաճառենք, ամենահետամնաց գյուղը մերն ա, պատմական գյուղ ա, բայց հետամնաց ա․․․»,- դժգոհում են գյուղացիները:

Էլլա Աթայան․ - «28 ռուբլին ինչ ա, դու ջահել աղջիկ ես, 28 ռուբլով ո՞նց կապրես, ասի տեսնամ, եթե դու կարող ես, ես էլ կարամ ապրեմ, ալյուրի փողը չի, շորի փողը չի, էս ինչ եմ հագած՝ կալոշ։ Ջահելությունը պատի տակին նստած, ոչ աշխատում են, ոչ մի բան»:

Նախկինում թատերախմբեր էին գալիս, կինոցուցադրումներ էին լինում, բայց հիմա դա էլ չկա, ասում է 15-ամյա Գառնիկը։ Նրա դասընկերների մեծ մասը լքել է Տաթևը, ինքն էլ դպրոցն ավարտելուց հետո այստեղ չի մնա։ «80-85 աշակերտ ենք, հարյուր չկա, բայց առաջներում շատ կար, 300-400, կամաց-կամաց արտագաղթի հետ նվազում են, քչանում են երեխաները։ Ես ստեղ չեմ ուզում մնամ, բայց հլը չեմ որոշել»,- ասում է Գառնիկը։

Հինգ տարի առաջ շահագործման հանձնված ճոպանուղին տաթևցիներից քչերի հոգսն է թեթևացրել։ Ամբողջ գյուղում 7-8 ընտանիք միայն ընդարձակ տուն ունի և կարող են 3000-5000 դրամով սենյակներ տրամադրել գիշերակացի համար։ Կոլյա Մկրտչյանն ասում է՝ «Մի քանի հոգու համար ա օգուտ, որ ասենք՝ հյուրատուն ունեն, մարդ են բերում պահում: Մեզ ոչ մի օգուտ չի տալիս ճոպանուղին։ Մեկը հեն ա, սարքել ա, միջոց չունի, որ վերանորոգի՝ նորից աշխատեցնի, գնացել ա Ստավրոպոլ աշխատի, որ բերի իրա հյուրատունը նորից վերանորոգի, չի կարում աշխատի»։

Ձմռանը տաթևցիների հոգսերն ավելանում են, գյուղում գազ չկա, վառելափայտի համար անտառապահների հետ վիճում են՝ անանցանելի ճանապարհներով փայտը գյուղ հասցնում։ Այս ամիսներին երթևեկի միակ անվճար միջոցը ավանակներն են։ «Ճոպանուղին սկզբում էր անվճար, հետո 500, հիմա արդեն՝ 1000 դրամով ենք օգտվում»,- ասում են գյուղացիները։ Ձմռան ամիսներին բարձրադիր Տաթևի ճանապարհներն անանցանելի են։ Մեքենաները կես ճանապարհին են մնում։ «Մի ամիս ա՝ ավտոբուսը Գորիս չի գնում, ճանապարհները չեն մաքրում»,- շարունակում է Կոլյա Մկրտչյանը:

Նախորդ շաբաթ Տաթևում ու նրան միացած յոթ գյուղերում միասնական համայնքապետ ընտրեցին։ Հանրապետական Մուրադ Սիմոնյանը տաթևցի է։ Բազմաբնակավայր դարձած նոր համայնքի կենտրոնը, սակայն, ոչ թե Տաթև, այլ Շինուհայր գյուղն է։ Տաթևի բնակիչները սրտնեղում են՝ եթե կենտրոնն իրենց մոտ լիներ, գուցե իշխանություններն ուշադրություն դարձնեին իրենց ու բազմաթիվ խնդիրներից գոնե մեկը լուծեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG