Երևանի արվարձաններից մեկում բնակվող Գագիկ Գալստյանի տանը ջերմաստիճանը 10 նիշից հազվադեպ է բարձրանում: 76-ամյա միայնակ թոշակառուն ձմռանը տաքանալու համար փոքրիկ վառարան է դրել, որում վառելափայտի փոխարեն ստվարաթղթե տուփեր և հարևանների ու ծանոթների բերած հին կահույքի կտորներն է այրում:
Եթե հարազատներն ու ծանոթներն օգնության ձեռք չմեկնեն՝ միայնակ թոշակառուի համար Հայաստանում շատ դժվար կլինի գոյատևելը: Գագիկ Գալստյանը ամսական միայն 38 հազար դրամ թոշակ է ստանում՝ Հայաստանում հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղից 20 հազար դրամով պակաս: Ստիպված պարտք է անում, քույրն է օգնում:
Ամսվա վերջին ստացած թոշակից ընդամենը հազար դրամ է մնացել․ մինչև հաջորդ թոշակը պիտի դրանով ապրի: Արդեն լավ գիտի՝ ինչպես խնայել: «Սեմուշկա եմ ուտում, որ էժան նստի վրես․․․ լույսի փոխարեն տոնածառի թույլ լույսն եմ վառում, ստիպված ես, ի՞նչ անես․․․»:
Չնայած բազմաթիվ հիվանդություններին՝ Գագիկ Գալստյանը երկար ժամանակ բժշկի չի գնացել, վախենում է մտնել հիվանդանոց՝ «ամեն վիզիտը 17 հազար դրամ ա»:
Երրորդ կարգի հաշմանդամ է, սրտի հետ կապված հիվանդությունների դեմ բազմաթիվ թանկարժեք դեղեր են նշանակել: Ու թեև երրորդ կարգ ունեցողներին դեղերը կես գնով են տալիս, քաշքշուկն այնքան մեծ է, որ գերադասում է արտոնությունից չօգտվել և մոտ դեղատնից ավելի էժան փոխարինող դեղեր գնել: Իր վիճակը «դեռ լավ է», ասում է՝ իրենից ավելի վատ ապրողներ էլ կան: «Ոչ օգնող ունեն, ոչ եկամուտ»,- ասում է չորս անգամ ինֆարկտ տարած թոշակառուն:
Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովի վերջին զեկույցը փաստում է, որ Հայաստանում խախտվում է անապահով տարեցների սոցիալական և բժշկական աջակցություն ստանալու իրավունքը: Եվ դա միակ խախտվող իրավունքը չէ: Ուսումնասիրության համաձայն, 34 ոլորտներից միայն 9-ն է համապատասխանել Սոցիալական խարտիային, որին Հայաստանը միացել է: Մինչդեռ 18 դեպքերում իրավիճակը հակասել է խարտիային, իսկ 7-ի վերաբերյալ էլ Եվրոպական հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկություններ չեն տրամադրվել: