Մատչելիության հղումներ

Դիլիջանին միավորված Հովքում «ապագա չկա»


Տեսարան Հովք գյուղից
Տեսարան Հովք գյուղից

Գազաֆիկացված այս գյուղում ոչ մի տուն բնական գազից չի օգտվում՝ գյուղացիները գազը տուն հասցնելու հնարավորություն չունեն:

Դեռ մեկ տարի առաջ Տավուշի Հովք գյուղ հասցված բնական գազից ոչ մի տուն չի օգտվում։ Միջազգային կազմակերպության՝ շուրջ 20 միլիոն դրամ կազմող ֆինանսավորմամբ գազաֆիկացված այս գյուղում գազն իրենց տուն հասցնելու համար գյուղացիները ստիպված են կլորիկ գումար վճարել։

«Փող չունենք»,- ասում է Հովքի բնակիչ Գարիկ Առուստամյանը, զարմանք հայտնելով՝ փողոցից գազը տուն հասցնելու համար ընդամենը 20 մետր երկարությամբ խողովակի տեղադրման դիմաց 100.000 դրամ են պահանջում։ «Գազը հենց մեր դարպասի առաջով է գնում։ Ընդամենը կլինի 20 մետր, 100․000 դրամ փող է ուզում։ 20 մետր տրուբին ես 100.000 դրամ փող տամ՞»։

Գարիկի կինը՝ 55-ամյա Ծովիկ Աղբալյանը, շատ հաճախ ինքն է վառելիքի հարցը լուծում. վառելափայտին այլընտրանք չկա, ամսական 90.000 դրամ եկամուտ ունեցող ընտանիքի համար գազամատակարարումը թանկ հաճույք է: «Օրինակ, էսօր առավոտից, որ սուտ չասեմ, մի օրվա փետ եմ վառել, որ բաղնիք տաքացնեմ, լվացքի համար, մեքենա չունենք լվացքի»,- ասում է Ծովիկ Աղբալյանը։

Գազ քաշելը Հովքի միակ խնդիրը չէ, պատմում են գյուղացիները։ Ծովինարը 400 բնակիչ ունեցող այս գյուղի բուժքույրն է, նա հիվանդներին ստիպված իր տանն է սպասարկում։ «Բուժկետը թալանել են»,- ասում է նա, հավելելով, որ դեպքն այդպես էլ չի բացահայտվել։ «Գյուղի բուժկետը վագոնի մեջ էր՝ էն էլ թալանեցին, գույքս հանել եմ, տարել գյուղապետարանում լցրել։ Ջարդեցին, փշրեցին վագոնը»,- վերհիշում է Ծովինարն ու շարունակում՝ «Դե ես տանից սպասարկում եմ, իհարկե դժվար ա, գալիս են, սրսկում եմ, պետք է լինում՝ ես եմ գնում նրանց տուն։ Հիմա համ բժիշկ եմ, համ բուժքույր, համ հավաքարար․․․ տո նախագահ ընտրեցինք, տո եսիմ՝ Ազգային ժողով ընտրեցինք, տո դեպուտատ ընտրեցինք, գյուղապետ փոխեցինք, տո եսիմ ինչեր ընտրեցինք, ոչ մի բան»։

Մեծ որդուն Ռուսաստան ճանապարհած ընտանիքում մտածում են ճամպրուկները կապելու մասին։ Առանց գազի, առանց բուժկետի ու առանց ճանապարհի այս գյուղում ապագա չկա, ասում են նրանք: «Որոշել եմ ստեղից քոչեմ։ Տունը ծախենք, գնանք Ռուսաստան, ելքը դա է: Բա ի՞նչ անեմ ստեղ, 50.000 դրամ աշխատավարձ ա տալիս, երրորդ կարգի հաշմանդամ եմ, թոշակս բռնեցին կտրեցին, ոտս օր-օրի սևանում է, կարող է մի ամսից էլ ոտս կտրենք․․․»։

Հովքի երիտասարդներից շատերն են արդեն Ռուսաստանում։ Մասնագիտությամբ ֆիզիկոս Կոնստանդին Սահակյանն այն քչերից է, ով ռուսական ռուբլու արժեզրկումից հետո որոշել է արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն գյուղում գործ գտնել: Նրա որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։ «Ավարտել եմ ու գործ չեմ գտնում, կառավարությունը չի կարող ինձ տեղափոխել քաղաք, բայց կարա անի ինչ որ-բաներ, ինչը ընտրությունից ընտրություն է խոստանում»,- ասում է Կոնստանդինը: «Ինքը գնում է Ռուսաստան, փող բերում, խոտ առնում, խոտը տալիս ինձ, ես էլ տեղափոխում եմ։ Ինքը համալսարան է ավարտել, բայց գյուղում իրեն հարմար աշխատանք չկա»,- հավելում է գյուղացիներից մեկը։

Երկու շաբաթ առաջ Դիլիջանի ու հարակից գյուղերի հետ միավորված Հովքը աշխարհի հետ կապող երկու ճանապարհ ունի, երկուսն էլ` կիսաքանդ: Գյուղ ավտոբուս չի գալիս, չկա մանկապարտեզ։ Շատերը թերահավատ են, որ միավորված Հովքում այս խնդիրները լուծում կստանան: Խոստումներ շատ են լսել՝ «եթե ավտոբուս ըլնի, ավելի լավ, չենք հավատում, որ կլինի, դե խոսք են տվել, որ մետրո էլ սարքեն, տենանք․․․»: «Էնքան ձեր նման գրող ա եղել, աննապատակ է, աղջիկ ջան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG