Մատչելիության հղումներ

Դատարանը կրկին ամենամեղմ պատիժը նշանակեց ընտրակեղծարարության համար


Շիրակի մարզում այսօր երկրորդ անդամ դատարանը հնարավոր ամենամեղմ պատիժը սահմանեց ընտրակեղծարարի համար: «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գյումրիի մասնաճյուղի հսկիչ Արա Դարբինյանը հանրաքվեի օրը մեկ անգամ իր հաշվառման վայրում էր քվեարկել, մեկ անգամ էլ հարևան տեղամասում` գյումրեցի Գագիկ Գևորգյանի փոխարեն:

Քրեական օրենսգրքով այս արարքը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` 2-3 տարի ժամկետով, դատարանը հերթական անգամ որոշեց կեղծարարին թողնել ազատության մեջ:

Կրկնաքվեարկության մյուս գործերի նման այս մեկն էլ անցավ արագացված կարգով: Ամբաստանյալը միջնորդեց, որ իրեն չնկարահանեն, ապա շատ արագ համաձայնեց առաջադրված մեղադրանքին, իրեն մեղավոր ճանաչեց ու խնդրեց մեղմ պատիժ սահմանել:

«Խնդրում եմ, մեղմ մոտեցեք, կատարվածի համար զղջում եմ»,- ասաց նա։

Թեև մեղադրողը պահանջել էր «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցչին տուգանել 600.000 դրամով, դատարանը որոշեց ավելի մեղմ գտնվել և Դարբինյանին տուգանեց 500.000 դրամով։

Բավական կարճ տևած նիստի ընթացքում ու դրանից հետո այդպես էլ պարզ չդարձավ` մեղադրյալը կես միլիոն դրամի տուգանքը ինչպես է վճարելու, կամ ինչն էր նրան դրդել ուրիշի փոխարեն քվեարկել: Թե՛ դատարանում, թե՛ նիստից հետո ընտրակեղծարարը մեր հարցերին չպատասխանեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG