Մատչելիության հղումներ

Օբաման Կոնգրեսին է ներկայացրել Գուանտանամոյի բանտը փակելու նախագիծը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամա, արխիվ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Ըստ ԱՄՆ-ի նախագահի, բանտի գոյությունը ստվեր է գցում երկրի հեղինակության վրա։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ներկայացել է Գուանտանամոյի բանտը փակելու ծրագիր։

«Ահաբեկչության մեղադրանքներով ձերբակալվածների համար նախատեսված բանտը քայքայում է երկրի ազգային անվտանգությունը», - ասել է Օբաման Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Ըստ ԱՄՆ-ի նախագահի, բանտի գոյությունը հակասում է Միացյալ Նահանգների որդեգրած արժեքներին, ստվեր է գցում երկրի հեղինակության վրա։

«Տարիներ շարունակ պարզ էր, որ Գուանտանամոյի բանտը չի ամրապնդում մեր անվտանգությունը, միայն քայքայում է։ Այս բանտը բաց պահելը հակասում է մեր արժեքներին», - ասել է Օբաման։

Ըստ Միացյալ Նահանգների նախագահի, Կուբայում Գուանտանամոյի բանտի գոյությունը հակասում է ահաբեկչության դեմ պայքարին, քանի որ այն օգտագործվում է քարոզչական նպատակներով՝ ահաբեկիչների հավաքագրելու համար։

«Գուանտանամոն վնասում է համագործակցությունը մեր դաշնակիցների և գործընկերների հետ», - պնդել է Օբաման։

Պաշտոնական տվյալներով, ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով բանտում այժմ կա 91 մարդ։ Միացյալ Նահանգների կառավարության համապատասխան մարմինները հայտնել են 35 անձի երրորդ երկիր տեղափոխելու մտադրության մասին, 56 անձ, ըստ ծրագրի, պետք է տեղափոխվեն Միացյալ Նահանգների 13 բանտեր։

Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Օբաման բազմիցս հայտարարել է այդ բանտը փակելու մտադրության մասին, սակայն նրա առաջարկին տարիներ շարունակ ընդդիմանում են Կոնգրեսականները։

«2002 թվականին բացված բանտում ահաբեկչության մեղադրանքով կալանքի տակ է պահվել ավելի քան 700 մարդ, այն փակելու դեպքում Միցայալ Նահանգները կարող է խնայել տարեկան 180 միլիոն դոլար։ Եկեք առաջ անցնենք և փակենք այս թեման», - ասել է ԱՄՆ-ի նախագահը և շարունակել. - «Ես չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ նախագահին, ով էլ որ նա լինի»:

Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2017 թվականի հունվարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG