Մատչելիության հղումներ

Փոստանջյան. Խոշտանգողի իրավունքները պաշտպանողը չի կարող լինել այս կողմում


Զարուհի Փոստանջյանն ու Լարիսա Ալավերդյանը Արման Թաթոյանի՝ օմբուդսմենի պաշտոնում ընտրվելու մասին։

«Մենք պետք է հստակեցնենք՝ արդյո՞ք Արման Թաթոյանը կկարողանա թոթափել այս ամենը, ներքին առումով, կախվածության կամ կապի մասին իշխանության հետ, արդյո՞ք ինքը կկարողանա մարդու իրավունքների պաշտպանի մի մոգական որակի շնորհիվ, իր ճշմարտությանը և արդարությանը համաձայն, օգտագործել լրիվ իր իրավաբանական հմտությունները՝ ի շահ քաղաքացու և հասարակական շահի»։ «Ազատության» հետ զրույցում իր այս մտահոգությունը հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ սա «բավականին մեծ խնդիր է, մարտահրավեր է»։

Հայաստանի չորրորդ օմբուդսմեն Արման Թաթոյանը, հիշեցնենք, 2011-2013 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում Հյաաստանի ներկայացուցիչը, իսկ 2013 թվականից՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի տեղակալը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ տվյալ անձը, ով պաշտպանել է խոշտանգողի իրավունքը, այս պահի դրությամբ չի կարող լինել այս կողմում։

«Այստեղ է խնդիրը, որ եթե դու ունես կապ, ոչ թե միայն անձնական կապերի մասին է խոսքը, այլ կապ, որը պայմանավորված է պաշտոնական գործառույթներով, և այդ կապը եղել է բավականին արատավոր, տվյալ անձը, ով պաշտպանել է խոշտանգողի իրավունքը, այս պահի դրությամբ չի կարող լինել այս կողմում, սա է խնդիրը։ Եվ իրենից ակնկալել, որ ինքը այդպիսի նվիրում կունենա, ես այդպես չեմ կարծում՝ հատկապես հաշվի առնելով, որ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցան բազմատիպի, բազմաշերտանի մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, և դու քաղաքացի ես, նաև իրավաբան ես, նաև դու գտնում ես, որ իրավապաշտպան ես, ապա դու իրավունք չունեիր լռելու», - ընդգծեց Փոստանջյանը:

«Ինքը ստացել է տարիներ շարունակ ավտորիտար ռեժիմի ժառանգություն։ Այնքան բարդ ժառանգություն է ստացել տվյալ անձը, գումարած դրան՝ ինքը, փաստորեն, այսօր ոչ [թե] մրցակցային պայմաններում ընտրվեց, այլ նշանակվեց Հանրապետական կուսակցության կողմից, գումարած դրան էլ` իր կապը հակառակ կողմի հետ, ինքը նաև կաշկանդված է այս ամենով», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG