Թուրքիայի խորհրդարանում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող հայազգի պատգամավոր Գարո (Կարո) Փայլանը, այսպիսով, այսուհետ նաև հայերեն այցեքարտ կունենա:
Սոցիալական ցանցի օգտատերերը մեծ ուրախությամբ են արձագանքել՝ շնորհավորելով պատգամավորին մայրենի լեզվի ու ինքնության նկատմամբ ունեցած հարգանքի համար:
Թուրքական Մեջլիսի տպարանը երկրի հանրապետական շրջանի պատմության ընթացքում առաջին անգամ հայերեն այցեքարտ է տպագրել:
2014 թվականին, ի դեպ, երկրի խորհրդարանը մերժել էր Ժողովրդա-հանրապետական կուսակցության մի քուրդ պատգամավորի նմանօրինակ դիմումը:
Պատգամավորական ակտիվ գործունեություն ծավալող Գարո Փայլանը անցած շաբաթ հանդես էր եկել մեկ այլ ուշագրավ նախաձեռնությամբ: Խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովի անդամ հայազգի պատգամավորը դիմում էր ներկայացրել հանձնաժողովի նախագահին՝ պահանջելով ընդմիջել հանձնաժողովի կիրակնօրյա նիստը, որպեսզի կարողանա մասնակցել պատարագին: Փայլանը փաստարկել էր, որ աշխատանքը ընդմիջվում է ուրբաթօրյա նամազի համար՝ պահանջելով, որ նույն արվի կիրակի օրը:
Պատգամավորի դիմումը բավարարվել էր, և նիստն ընդմիջվել էր մեկուկես ժամով:
Գարո Փայլանը, ով 65 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի խորհրդարան ընտրված երեք հայազգի պատգամավորներից մեկն է, ակտիվորեն լծվել է երկրի օրենսդիր մարմնում փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման և իրավունքների պաշտպանության գործին: Մեջլիսում իր առաջին ելույթներից մեկը հայերեն «Բարև ձեզ»-ով սկսած պատգամավորը ջանում է լսելի դարձնել Թուրքիայում ապրող փոքրամասնությունների՝ իրավահավասար քաղաքացիության պահանջը: